Երեկ Մալաթիայում տատին սպանած երիտասարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ

10:07 • 20.04.12

Երեկ տեղեկացրել էինք Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում տեղի ունեցած ողբերգական սպանության մասին, երբ 29-ամյա թոռը կացնով սպանել էր 83-ամյա տատին։ Ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության՝ երեկ, ապրիլի 19-ին, ժամը 15.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 8 շենքի 34 բնակարանի տանտիրուհին հանկարծամահ է եղել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, տանը, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1983 թ. ծնված Արամ Սուքիասյանը կացնով հարվածել է իր տատին՝ 1929 թ. ծնված Ռոզա Գրիգորյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Արամ Սուքիասյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է և տառապում է հոգեկան հիվանդությամբ, ձերբակալված է:
Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: