Ժամանակն է Իրանի «հարատև գործընկեր» Հայաստանին կողմնորոշվել` ո՞ր ուղով գնալ. КД
Հայաստանի ու Իրանի միջև հարաբերությունները միշտ առանձնացել են իրենց բարիդրացիությամբ ու փոխադարձ համակրանքով: Այս երկրները միավորված են ոչ միայն աշխարհագրորեն, այլև բազմադարյա պատմական կապերով ու մշակութային ավանդույթներով, գրում է վրացական Кавказский дневник-ը:
Ի տարբերություն Ադրբեջանի, Իրանը երբեք տարածքային հավակնություններ չի ունեցել Հայաստանի նկատմամբ:
«ԱՄՆ-ից հետո, Իրանը երկրորդ պետությունն է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը և դեսպանատուն բացել Երևանում 1992թ.-ին: Երկրի դժվարին ժամանակաշրջանում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարիներին, հենց Իրանն էր Հայաստանին սնունդ, վառելիք և այլ ապրանքներ մատակարարում»,- գրում է հոդվածագիր Գոչա Դարչիան:
Իրանում բնակվում է մոտ 120 հազ էթնիկ հայ, նրանցից մի քանիսը ներկայացված են երկրի խոհրդարանում: Բացի այդ, ի տարբերություն այլ ազգային փոքրամասնությունների, հայերն իրավունք ունեն, առանց որևէ սահմանափակումների, ազատորեն քարոզել իրենց կրոնը: Իսկ Իրանի հայկական եկեղեցիներն ընդգրկված են UNESCO-ի միջազգային մշակութային ժառանգության ցանկում:
Իրանի շուրջ աճող լարվածության պարագայում նույնիսկ, տնտեսական պատժամիջոցների ու իրանական նավթի ներկրման արգելքի ֆոնին, Երևանը շարունակում է ամրապնդել իր հարաբերություններն իսլամական այս պետության հետ:
«Առաջին հայացքից թվում է, թե Հայաստանը, որը միլիոնավոր դոլարներ է ստանում ԱՄՆ-ից ու Եվրամիությունից, պետք է անխոս աջակցեր Իրանի նկատմամբ պատժամիջոցներին: Սակայն, չնայած Արևմուտքի հետ սերտ համագործակցությանը, Երևանը չի պատրաստվում խզել կապերը Թեհրանի հետ, քանի որ այլ ելք չունի»,- գրում է թերթը:
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների պատճառով, փակ են հարևաններից երկուսի` Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանները:
«Երևանը լավ գիտի, որ եթե հրաժարվի Իրանի հետ համագործակցությունից, իրանցի առաջնորդներն անպայման կդիմեն դաժան քաղաքականության: Իսկ Իրանի համար առևտրատնտեսական ու քաղաքական հարաբերությունների ամրապնդումը Հայաստանի հետ միայն ֆինանսներ չեն, այլ նաև աշխարհաքաղաքական շահեր են ներկայացնում»,- գրում է հոդվածագիրը` հավելելով, որ ռազմական գործողությունների դեպքում, Իրանը` ի դեմս Հայաստանի, կունենա բարեկամ հարևան և քիչ, թե շատ հուսալի թիկունք:
Ըստ պարբերականի` պատժամիջոցների հետևանքով` Հայաստանի էներգետիկայի ապագան, որը հիմնված է Իրանի հետ համատեղ նախագծերի վրա, բավականին «մռայլ գույներ» է ստանում: Կասկածի տակ է առնվում մի շարք էլեկտրահաղորդման գծերի կառուցումը, նաև` Հարավային Կովկասում խոշորագույն` Արաքս գետի վրա նախատեսված հիդրոէլեկտրակայանի կառուցումը:
«Փորձագետները միակարծիք են` ժամանակն է, որ Հայաստանը կողմնորոշվի` ո՞ր ուղով գնալ: Նրա հարատև ու սրտակից բարեկամությունը Թեհրանի հետ կախված է նրանից, թե ինչպես հետագայում կզարգանան Իրանի ու Արևմուտքի միջև հարաբերությունները»,- գրում է Кавказский дневник-ը:









