«Վրացական երազանք»-ը կգլխավորի Իվանիշվիլիի կինը. «Ռեզոնանսի»

11:22 • 20.04.12

Վրաստանի ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանք. ժողովրդավար Վրաստան» կուսակցությունը կղեկավարի նրա կինը` Եկատերինա Խվեդելիձեն: Կուսակցության հիմնադիր ժողովը կգումարվի վաղը, Թբիլիսիում, հայտնում է vz.ru-ն` վկայակոչելով «Ռեզոնանսի» թերթին:


Խվեդելիձեն ասել է` կուսակցությանը կանդամագրվեն երկրի հայտնի ու հարգված մարդիկ` չնշելով անուններ: Իվանիշվիլիի փաստաբան Զաքարիա Կուցնաշվիլին պարզաբանել է, որ կուսակցությունը կգլխավորի մեկենասի կինը, քանի որ Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն դեռ չունի (վրացական իշխանությունները մերժել էին տրամադրել երկրի քաղաքացիություն):

 

Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները, համաձայն որոնց` Բիձինա Իվանիշվիլին որպես Եվրամիության երկրի քաղաքացի (Ֆրանսիայի քաղաքացի է) կարող է մասնակցել աշնանը կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, ուժի մեջ կմտնեն մոտ մեկ ամսից:


Կուսակցության ստեղծումից հետո, կձևավորվի «Վրացական երազանք» կոալիցիան, որի մեջ կընդգրկվեն «Ազատ դեմոկրատներ», Հանրապետական, Պահպանողական ու Ազգային կուսակցությունները, «Ազգային ֆորում»-ը և «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանին» շարժումը: