Հայաստանում երիկամ վաճառելն անօրինական է. Առողջապահության նախարարություն
Համացանցում տեղադրված հայտարարությունը, որով վանաձորցի մի երիտասարդ վաճառում է իր երիկամը, հակաօրինական է, այս մասին Tert.am–ը հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը։
Նա նաև հայտնեց, որ մարդու օրգանների վաճառքին առնչվող հանցագործությունները սահմանված են Քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով՝ փոխպատվաստման վիրահատություն կատարելու կանոնները խախտելը:
«Մարդուն օրգաններ և հյուսվածքներ պատվաստելու մասին օրենքը սահմանում է, որ արգելվում է կենդանի կամ դիակային դոնորներից վերցված հյուսվածքների աքուվաճառքը»,-նշեց Սուրեն Քրմոյանը:
Հիշեցնենք, որ «Հայացք» թերթի հաղորդմամբ՝ list.am կայքում մեկ ամիս շարունակ պահպանվում է վանաձորցի մի երիտասարդի հայտարարությունը՝ «վաճառում եմ երիկամ, գինը՝ պայմավորվենք, ռեզուսը՝ երկրորդ բացասական»։
Սուրեն Քրմոյանը նաև ասաց, որ յուրաքանչյուր հատուցվող գործարք այս դաշտում պատժվում է օրենքով:
«Այսինքն՝ ցանկացած հայտարարություն գործնականում չի կարող դառնալ,հյուսվածքի փոխպատվաստման իրագործման հիմք, որովհետև բուժհաստատությունը որպես պայմանագրի կողմ չի կարող նման գործարք կնքել»,- բացատրեց նա։
Առողջապահության ոլորտի պաշտոնյան հավելեց, որ սա թույլատրվում է միայն անհատույց՝ նոտարի մոտ կնքված համաձայնության առկայության դեպքում: Նույնկերպ, օրենքով արգելվում է օրգանների առքուվաճառքի գովազդը:
Ըստ Սուրեն Քրմոյանի՝ երբեմն որոշ քաղաքացիներ հենց առողջապահության նախարարությանն են խնդրել՝ կազմակերպել իրենց օրգանների վաճառքը:
«Բացատրել ենք, որ սա կարող է լինել միմիայն անհատույց, և սովորաբար սա լինում է ազգականների շրջանում. քույրը երիկամ է տալիս եղբորը, մայրը՝ երեխային»,– նկատեց նա՝ ավելացնելով, որ սա վերաբերում է միայն երիկամների փոխպատվաստմանը, քանի որ Հայաստանում այլ օրգանների փոխպատվաստում չի կատարվում:
Սուրեն Քրմոյանը նշեց, որ անցած տարի Հայաստանում գրանցվել է երիկամների փոխպատվաստման 14 դեպք։









