Մանվել Բադեյանը պատրաստ է բանավիճել, պայմանով, որ մրցակիցը «ախմախ» չլինի
Թիվ 22 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայաստանի հանրապետական կուսակցությունից պատգամավորության թեկնածու առաջադրված Մանվել Բադեյանը «Հայ ազգային կոնգրեսից» դաշինքից ոչ մի բանավեճի հրավեր չի ստացել:
«Թող ինձ առաջարկեն խելոք մարդ, ես իրա հետ կնստեմ դեբատի, բայց ախմախ մարդու հետ չեմ համաձայնի»,- ասաց Մանվել Բադեյանը:
Հիշեցնենք, որ երեկ տարածված ՀԱԿ հայտարարության մեջ նշվում էր, որ ՀՀ ներկայացուցիչները՝ բոլոր մակարդակներում հրաժարվում են ՀԱԿ–ի ներկայացուցիչների հետ որևէ հրապարակային բանավեճից։
Հայտարարությունում նաև հիշեցվում էր, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բանավեճի էր հրավիրել նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյաներին, թիվ 7-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանն նման հրավերք էր արել նույն ընտրատարածքում ՀՀԿ–ից մեծամասնականով առաջադրված Սամվել Ալեքսանյանին, ինչպես նաև այն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խուսափել էր իր մրցակից Գայանե Առուստամյանի հետ բանավեճից, չնայած նախապես պատրաստակամություն էր հայտնել ՀԱԿ–ի առաջին տասը համարների հետ:
Նշենք, որ այս մերժումները հաճախ նաև հիմնավորվում էին այսպես կոչված «կալիբրի» նկատառումներով կամ նախապայմաններով: Օրինակ՝ բանավեճը կընդունվի, եթե միայն գա Կոնգրեսի համամասնական ցուցակի այսինչ համարը կամ այսինչ համարները:
Մանվել Բադեյանն էլ համարելով, որ «կարա տենց բան լինի», հավելեց, որ կհամաձայնի բանավիճել միայն խելացի մարդու հետ:
«Ես էլ չեմ համաձայնի էն մարդու հետ, որի անունը ընդամենը ՀԱԿ ա: Թող իրանք որոշեն իրանց խելոք մարդը ով ա»,- ասաց պատգամավորության թեկնածուն:
Գավառում առաջադրված Մանվել Բադեյանը հպանցիկ հետևել է քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերին և կարող է արձանագրել. «Բոլորի ծրագրերը խոցելի են, հանրապետականինը իրատեսական է»:
Մանվել Բադեյանը նաև մեկ կարևոր վերապահումով համաձայն է այն հանրահայտ ասացվածքին, որ «Երբեք այնքան չեն ստում, որքան որսից հետո և քարոզարշավի ժամանակ»: «Իհարկե, բոլորը բացի հանրապետականից»,- ասաց ՀՀԿ-ական թեկնածուն:









