Տպագիր մամուլն ամենից շատ անդրադարձել է ՀՀԿ–ին, ԲՀԿ–ին և ՀԱԿ–ին

15:45 • 20.04.12

Մարտի 12-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 16 թերթերում հրապարակվել է 8913 հոդված, որոնցից ամենաշատ հրապարակումները վերաբերել են Հայաստանի հանրապետական կուսակցությանը, այնուհետև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքին, այս տվյալները ստացվել են Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրականացրած մոնիտորինգի արդյունքում:


Այսօր մոնիտորինգի հարցումները ներկայացնելով՝ ասոցիացիայի փորձագետ Արմեն Մինասյանը տեղեկացրեց, որ քանակական առումով տպագիր մամուլում բոլորից շատ անդրադարձ է եղել Հայաստանի հանրապետական կուսակցությանը՝ 1492 հրապարակում, որոնց 42.1%-ը՝ բացասական և միայն 9.5%-ը դրական, իսկ չեզոք վերաբերմունք են արտահայտել 48.4%-ը:


«Տպագիր մամուլի քաղաքական նյութերի մեծ մասը բացասական բնույթի են: Իսկ պաշտոնական քարոզարշավի անցած մեկ շաբաթվա հրապարակումների ուսումնասիրությունը և դրանց համեմատությունը նախորդող շրջանի հետ ցույց է տվել, որ տպագիր մամուլի ոլորտում նկատվող բացասական երևույթները խորանալու միտում ունեն»,-ասաց նա՝ ավելացնելով, որ 16 թերթերն ընտրվել են՝ հաշվի առնելով տպաքանակը և դրանց հեղինակությունը հանրության շրջանում:


Մշտադիտարկման են ենթարկվել հետևյալ թերթերը՝ «Ազգ», «Առավոտ», «Երկիր», «Ժամանակ», «Ժողովուրդ», «Իրավունք», «Իրատես դե ֆակտո», «Հայացք», «Հայակական ժամանակ», «Հայոց աշխարհ», «Հրապարակ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Օրակարգ», «168 ժամ», «Голос Армении» և «Новое время»։
Արմեն Մինասյանը նաև նշեց, որ հոդվածների քանակի առումով ՀՀԿ–ին հաջորդում են ԲՀԿ-ն՝ 780 հրապարակում, որոնցից բացասականները կրկին գերակշռում են։


«Երրորդ տեղում ՀԱԿ-ն-ն է 735 հրապարակումներով, չորրորդում՝ «Ժառանգություն» կուսակցությունը, 5-րդ-ում՝ ՕԵԿ, 6-րդ-ում՝ ՀՅԴ–ն»,– ասաց նա՝ ավելացնելով, որ տպագիր մամուլում ամենաշատ դրական հրապարակումներ ունեցող քաղաքական ուժը «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքն է՝ 12.1%։


Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Տաթևիկ Փիրումյանն ասաց, որ 2580 հոդված եղել է ընտրությունների թեմայով։ Քարոզարշավի առաջին շաբաթում (ապրիլի 8-15-ը) տպագիր մամուլում հրապարակվել է 2222 նյութ, որոնիցից 860-ը ընտրությունների թեմայով:


«Տպագիր մամուլի հրապարակումներում գերակշռել են ավելի շատ քարոզչական նյութերը, քան տեղեկատվական և եղել է հակաքարոզչություն: Թերթերը գրել են բացասական նյութեր իշխանամետ կուսակցությունների մասին և դրական՝ իրենց համակրած կուսակցության վերաբերյալ»,- ասաց նա: