Կառավարությունում ռազմավարությունների իրականացման 2 հուշագիր Է ստորագրվել

14:23 • 20.04.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ այսօր ՀՀ կառավարության և դեղագործության ու բիոտեխնոլոգիաների, ինչպես նաև կոնյակագործության ոլորտների ներկայացուցիչների միջև ստորագրվել են այս բնագավառների ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ հուշագրերն ամրագրում են փոխադարձ պարտավորություններն ու գործողությունները ոլորտի ծրագրերի իրականացման շրջանակներում:

Կառավարության անունից հուշագրերն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Հուշագրերի իրականացման նպատակն է՝ այս ոլորտներում ապահովել արտադրության և արտահանման ծավալների կայուն աճ, արտահանման շուկաների դիվերսիֆիկացիա, հայկական արտադրանքի որակի և միջազգային մրցունակության բարձրացում, աշխատատեղերի պահպանում և նոր աշխատատեղերի ստեղծում։