«Ժառանգությունը» միասնական շտաբի ստեղծման փաստաթղթից իր ստորագրությունը հետ չի վերցնում

09:58 • 20.04.12

Ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ձևավորելու մասին հռչակագրից «Ժառանգություն» կուսակցության դուրս գալու մասին շտաբի նախաձեռնության հեղինակ Հմայակ Հովհաննիսյանը երեկ երեկոյան որևէ գրավոր դիմում «ժառանգությունից» չի ստացել։


Նշենք, որ միասնական շտաբի ձևավորման փաստաթղթի տակ ստորագրել են «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը և «Ժառանգությունը»։


«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, որ իրենց կուսակցությունը վերջնականապես որոշել է ինքնուրույն աշխատել ազատ ու արդար ընտրությունների անցկացման ուղղությամբ և, հետևաբար, «Ժառանգությունը» չի վերադառնա այդ ձևաչափին:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Հմայակ Հովհաննիսյանը քննարկումներին իր մասնակցությունը դադարեցրած «Ժառանգության» վերաբերյալ նշել էր, որ քանի դեռ վերջիններս հետ չեն վերցրել իրենց ստորագրությունը (ինչը համեմատել էր ուխտադրժության հետ), ապա նրանց ներկայությունը չորսի ֆորմատում պահպանվում է:


«Նոր էլ ինձ զանգահարեցին լրագրողներն ու ասացին, որ Ստյոպային հարցրել են՝ «դուք ստորագրությունը հանու՞մ եք», չի պատասխանել, խուսափել է ու թողել է անորոշ»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:


Վերջինիս մեկբանաբությամբ ՝այս կեցվածքով «Ժառանգությունը» փորձում է իր համար հետվերադարձի ճանապարհ թողնել:
«Քանի որ գիտեն, որ Հանրապետական կուսակցությունը ժողովրդական լեզվով ասած՝ «քցելու» առջև չի կանգնում, մանավանդ այն դեպքերում, երբ դիմացինի վարքագիծը ամենևին էլ չի առանձնանում սկզբունքայնությամբ։ Կասկածներ ունեն, որ կարող է իրենց հուսախաբ անել և չապահովել իրենց 5 տոկոսանոց ներկայությունը ԱԺ-ում»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:


Tert.am –ի հարցին, ի պատասխան «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն ընդգծեց, որ իրենք ոչինչ հետ չեն վերցնում և կրկին հստակեցրեց, որ ստորագրվածը ոչ թե փաստաթուղթ է, այլ նախափաստաթուղթ՝ «նպատակի մասին»: Իսկ նպատակի մասին նախափաստաթղթից «Ժառանգությունն» իր ստորագրությունը հետ չի վերցնում:


Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Ստեփան Սաֆարյանը կարծիք էր հայտնել, որ միասնական շտաբը գնալով վերածվում է Հայաստանի երկրորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբի:

«Եթե ՀԱԿ առաջնորդը հայտարարում է, որ իր թիվ մեկ թշնամին Հանրապետական կուսակցությունն է, եւ ինքը անգամ չի քննադատելու Ռոբերտ Քոչարյանի վերադարձը կամ վերադարձը ապահովող քաղաքական ուժերին, սա նշանակում է, որ, ըստ էության, գոյություն ունի ստվերային պայմանավորվածություն, և այս միասնական շտաբը, ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբն է հիշեցնում, քան ընտրությունների ազատ և արդար ընթացքը ապահովելուն կոչված շտաբը»,- ասել էր Սաֆարյանը:

 

ԲՀԿ նախընտրական շտաբի քարոզչության պատասխանատու, Նաիրա Զոհրաբյանը Ստեփան Սաֆարյանին խորհուրդ է տալիս «իրենց առանց այն էլ աննախանձելի վիճակը չխորացնել անհեթեթագույն հայտարարություններով» և հավելում.« Նման հայտարարությունների հեղինակները իրենք ևս հասկանում են, որ իրենք ընդամենը զբաղված են բառային մանիպուլիացիաներով: Եվ այդ ամենը արվում է ընդամենը մեկ բանի համար, որպեսզի ինչ-ինչ քաղաքական ենթատեքստեր տան իրենց չմասնակցությանը՝ ընկալելով, որ իրենց այդ քայլը հասարակության աչքում խիստ վատ ընկալում ունեցավ»:
Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ միասնական շտաբը մեկ խնդիր է հետապնդում՝ վերահսկել ընտրությունների արդար, ազատ ընթացքը:«Եվ շտաբը աշխատելու է՝ անկախ նրանից, թե դրա աշխատանքներին «Ժառանգությունը» կմասնակցի՞, թե ոչ»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: