Հանուն Թբիլիսիի` ՆԱՏՕ-ն պատրաստ է քննադատել Մոսկվային. НГ
Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպման շրջանակներում Վրաստանին հաջողվել է Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնել «մի շարք կարևոր» հարցեր: Սակայն խոսքը ոչ թե Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության, այլ` նրա տարածքային ամբողջականության ու Աբխազիայից ու Հարավային Օսիայից ռուսական զորքի դուրսբերման մասին է, գրում է Независимая газета-ն:
Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպման ավարտին լրագրողներին հայտնել էր, որ Թբիլիսին Վաշինգտոնի հետ տարաձայնություն չունի և ոչ մի հարցի շուրջ:
«Քննարկվել են կարևորագույն հարցեր»,- ասել էր նա:
Իսկ արդեն վրացական լրատվամիջոցներին լրացուցիչ հայտնել էր, որ հույս ունի դաշնակիցների միջնորդությամբ Ռուսաստանից ստանալ վերջինիս նախաձեռնությամբ սեպտեմբերին ծրագրված «Կովկաս- 2012» զորավարժությունների անցկացման անվտանգության երաշխիքներ:
«Այս զորավարժությունները վտանգավոր են ողջ տարածաշրջանի համար»,- ասել էր Վաշաձեն:
«Այն, որ Հյուսիսատլանտյան դաշինքի` Չիկագոյում մայիսի 20-21-ին անցկացվելիք գագաթնաժողովում Վրաստանը չի ընդունվի ՆԱՏՕ, հայտնի էր դեռ վաղուց: Ի հիասթափություն վրացական իշխանությունների, նրանք Բրյուսելից լսում են միայն խոստումներ և հավաստիացումներ, թե այս հարցը սկզբունքորեն լուծված է, ուղղակի ժամանակավոր բնույթ է կրում: Սակայն երբ` չի հաղորդվում»,- գրում է թերթը:
Ըստ պարբերականի` միամիտ է կարծել, թե գագաթնաժողովում Վրաստանի մասով հայտարարության ընդունումից հետո Ռուսաստանը զորքը դուրս կբերի Աբխազիայից ու Հարավային Օսիայից:
«Պարզապես, այս քայլով Արևմուտքը, առաջին հերթին` Վաշինգտոնը, որոշել են ինչ-որ ձևով մխիթարել Հարավային Կովկասում իրենց գործընկերոջը»,- գրում է Независимая газета-ն` հավելելով, որ վրացական ընդդիմությունն ընդգծում է, որ իշխանությունները պետք է վերջապես գիտակցեն, որ ՆԱՏՕ-ն միայն ԱՄՆ-ն ու Լեհաստանը չեն, որոնց հետ իշխանությունը խնդիրներ չունի, այլև Ֆրանսիան ու Գերմանիան, որոնք բացեիբաց դեմ են արտահայտվում Վրաստանի անդամակցությանը կառույցին:
Բրյուսելյան հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այն, որ Վրաստանն այսպես կոչված` ՆԱՏՕ-ի ասպիրանտների թվում է, մեզ մոտ տարակուսանք է առաջացնում»,- ասել է նա:
Լավրովը սրբապղծություն է համարում քննարկել կառույցին անդամակցության հեռանկարները մի մարդու հետ, ում կարգադրությամբ մարդիկ են սպանվել:









