ԱԺ ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար. Սերժ Սարգսյան

16:00 • 20.04.12

ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսկացության նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 6-ին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ընդառաջ հանդիպելով Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Ծաղկահովիտ համայնքի բնակիչների հետ, նշեց, որ առաջիկա ընտրությունները շատ կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար:


«Այս ընտրությունները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար: Որպես ՀՀԿ-ի նախագահ ցանկանում եմ, որ դուք ձայն տաք հանրապետականին, իսկ ահա որպես ՀՀ Նախագահ, ես շահագրգռված եմ, որ ընտրություններն անցնեն ազատ ու արդար»,- ասաց Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար թե իշխանությունները, թե քաղաքացիները պետք է համագործակցեն` «ձեռք-ձեռքի» տալով։


Սերժ Սարգսյանը նշեց, որ ՀՀԿ–ն որպես իշխող կուսակցություն նախորդ հինգ տարիներին չի ծուլացել և շատ աշխատանքներ են կատարել, և որոնք դեռ պետք է շարունակվեն: ՀՀԿ նախագահը Ծաղկահովիտում խոսեց նաև արտաքին քաղաքականությունից, նշելով, որ Հայաստանի հետ արդեն հաշվի են նստում աշխարհի գերհզոր երկրները:
«Հինգ տարիների ընթացքում մենք աշխատել ենք, ծուլություն չենք արել, իսկ դուք կարող եք դրան տալ ձեր գնահատականը: Աշխարհում արդեն մեզ հետ հաշվի են նստում, միանշանակ է նաև այն, որ միջազգային հարթակներում մենք հաջողությամբ ներկայացնում ենք մեր շահերը»,- ասաց Սերժ Սարգսյանը:


Ծաղկահովիտ համայնքի հանդիպումից հետո նախագահն այցելեց հիմնականում եզդիաբնակ Ալագյազ համայնք, որտեղ նա հարթակ հրավիրեց Գյուղապետ Ազիզ Մհոյանին՝ վերջինիս խնդրելով ներկայացնել գյուղի հիմնական խնդիրները:
Իր խոսքում գյուղապետը ընդգծեց նորակառույց դպրոցի հետ կապված խնդիրը, որն առաջացել է ոչ պրոֆեսիոնալ շինարարաների իրականացրած աշխատանքի պատճառով: «Նոր դպրոցի հատակն այժմ գրեթե ամբողջությամբ փտել է»,- ասաց Ազիզ Մհոյանը:


Սերժ Սարգսյանն էլ նշեց, որ, որ բոլոր այդ հարցերը կգրանցվեն և ամենակարճ ժամանակահատվածում լուծում կստանան:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, իսկ ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է սույն թվականի ապրիլի 8-ից: Խորհրդարանական ընտրություններից հետո կկազմավորվի Հայաստանի 3-րդ հանրապետության 5-րդ գումարման խորհրդարանը: