Սուրեն Զոլյանին ԵՊԼՀ ուսանողները դիմավորեցին ծափողջյուններով
Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի՝ արդեն նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին բուհի ուսանողներն այսօր դիմավորեցին բուռն ծափողջյուններով:
Սուրեն Զոլյանը, ով դեռևս իրեն շարունակում է համարել բուհի ռեկտոր, ուսանողների հետ հանդիպման էր եկել Կրթության և գիտության նախարարի, իր համոզմամբ, անօրինական որոշման մասին պարզաբանումներ տալու, նաև ուսանողների հարցերին պատասխանելու, ինչպես նաև հետագա քայլերը ներկայացնելու նպատակով:
Ս. Զոլյանը, նախ նշեց, որ փորձ է արվում այս ամենը քաղաքականացնել, ինչին ուսանողներն անմիջապես արձագանքեցին` «սո՛ւտ է»: Արձագանքն արժանացավ նախկին ռեկտորի դրական արձագանքին՝ «գիտեմ, որ սուտ է»: Բայց, Զոլյանը, նաև խորհուրդ տվեց՝ ուշադրություն չդարձնել և բուհում մնալ որպես «բրյուսովցի»:
«Այդ հարցը դուք պետք է լուծեք, որպեսզի որոշ ուժեր չշահարկեն: Կրթությունը քաղաքականությունից դուրս է և ես խնդրում եմ, այս ամենը լինի բուհի ներսում , մենք բոլորս բրյուսովական ենք և ոչ թե կուսակցական: Ուզում են ինչ-որ պիտակներ կպցնել: Եթե ուզում են պաշտպանել կամ քննադատել, թող գնան գտնեն համապատասխան մարդկանց, մենք ի վիճակի ենք մեզ պաշտպանել և ուրիշի պաշտպանությանը այս պահին չենք դիմելու»,- ասաց Զոլյանը:
Վերջինս նաև զգուշացրեց՝ ուսանողները չպետք է թույլ տան, որպեզի բուհ ներխուժեն «ուժային պաշտպանները»:
Այնուհետ, ԵՊԼՀ նախկին ռեկտոն ասաց, թե ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պնդում է, իբր ռեկտորն օգտագործում է վարչական ռեսուրսներ՝ ուսանողներին դուրս հանելով իր դեմ, կազմակերպելով բողոքի ակցիաներ: Սակայն, ըստ Զոլյանի, ինքն ինչպե՞ս կարող է վարչական ռեսուրս օգտագործել, երբ այլևս, ըստ որոշման, ռեկտոր չէ:
«Ես՝ անձամբ, չկարողացա հանդիպել վարչապետին, բայց դա ձեզ հաջողվեց, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը: Քանի որ դրված է բուհի հարցը, և ոչ միայն իմ անձնական հարցը, ապա մենք նամակ ենք ուղարկել վարչապետին, և որպեսզի խուսափենք անհարմարություններից, ես ստորագրել եմ, որպես ԵՊԼՀ փորձագետ, պրոֆեսոր»,- ասաց նա։
Սուրեն Զոլյանը նաև տեղեկացրեց, որ կառավարությունից պատասխան են ստացել, թե քանի որ վարչապետին դիմել են համալսարանի բլանկի վրա, ուստի վերջինս պարտավոր չէ դրան պատասխանել:
«Ես խնդրում եմ, այդ դիմումը, մի խումբ ուսանողներ տանեն ու խնդրեն, որպեսզի վարչապետն ընդունի՝ անկախ նրանից, որ այն նույն բլանկի վրա է գրված»,- նկատեց նախկին ռեկտորը՝ չանդրադառնալով դիմումի բովանդակությանը:
Ռեկտորին, այնուհետև, ուսանողները հարցեր ուղղեցին, թե՝ ե՞րբ կսկսվի դատական գործընթացը: Սակայն Զոլյանը պատասխանեց, որ ինքը ևս անտեղյակ է: Ուսանողները նաև հետաքրքրվեցին՝ ճի՞շտ է, որ մտադրություն կա լուծարել ԵՊԼՀ–ն: Մամուլում էլ կա տեղեկատվություն, թե հայտնվել է նույնիսկ ԵՊԼՀ շենքի գնորդը:
Ի պատասխան այս հարցին՝ Զոլյանն ասաց. «ԿԳ նախարարն ասում է, որ այդպիսի ծրագիր չկա։ Եկեք այս պահին, գոնե, հավատանք նրան, բայց սպասենք, որ վարչապետն էլ դա հաստատի»:
Ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե քանի որ ԿԳ նախարարը նշել է, որ երկրագիտություն մասնագիտություն չկա, դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ իրենց դիպլոմներն անվավեր են ճանաչվում: Նախկին ռեկտորը պատասխանեց, որ համալսարանի կայքում տեղադրված է գիտխորհրդի արտահերթ նիստին հնչեցված զեկույցը,ուր կան այդ բոլոր հարցերի պատասխանները, և խորհուրդ տվեց օգտվել տեղեկատվությունից:
«Նախարարի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, և ես լիազորված եմ գիտխորհրդի կողմից՝ բարձր պահել բուհի բարի համբավը »,-ասաց նա:
Սուրեն Զոլյանի բոլոր պատասխաններն, ի դեպ, ուղեկցվում էին ծափերով:
Վերջում ԵՊԼՀ նածկին ռեկտորը հարցրեց, թե ո՞վ է տանելու դիմումը վարչապետին. հարցմանն ի պատասխան ներկաներն արձագանքեցին՝ «բոլորս»:
Սուրեն Զոլյանից հետո բեմ բարձրացան բուհի ակտիվ ուսանողներից Նարեկ Սամսոնյանը, ում երեկ Ոստիկանությունը բերման էր ենթարկել, և հույս հայտնեց, որ ուսանողները հետևողական կլինեն մինչև վերջ: Սամսոնյանի հայտարարությունը հավաքվածների կողմից դրական արձագանքի արժանացավ:









