Անանի նախագծի իրականացումը Սիրիայի վերջին շանսն է. «Սիրիայի բարեկամներ»
Փարիզում ավարտվել է «Սիրիայի բարեկամների» երրորդ հավաքը: 14 երկրի պատվիրակությունների մասնակցությամբ կայացած հավաքի ընթացքում Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ Քոֆի Անանի նախագծի իրագործումը Սիրիային տրված վերջին շանսն է` երկրում իրավիճակը շտկելու համար: Նա նաև ընդգծել է Անանի նախագծի կարևորությունը` երկրում խաղաղության և կայունության հաստատման համար:
Ֆրանսիայի արտգործնախարարը նաև նշել է, որ պետք է Սիրիային զենք վաճառող երկրների վրա ճնշում գործադրվի, իսկ ՄԱԿ-ի դիտորդների թիվը Սիրիայում ավելացվի` հասցվելով առնվազն 400-ի: Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ Մուալլեմը հայտարարել էր, որ այդ թիվը չպետք է անցնի 250-ը:
«Ամեն անցնող օրը նշանակում է տասնյակ սիրիացի քաղաքացիական անձանց զոհվելը: Հետաձգելու ժամանակ չկա, պետք է գործել»,- հայտարարել է Ժյուպեն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել խստացնել Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Նա նաև նշել է, որ Ասադի տապալմանն ուղղված քայլերը պետք է միայն դիվանագիտական լինեն: Քլինթոնը նաև հայտարարել է, որ Սիրիայի հարցում Թուրքիան հավանաբար ՆԱՏՕ-ի աջակցության կարիքը կունենա:
«Թուրքիան կխնդրի Հյուսիսատլանտյան դաշինքի օգնությունը, եթե երկրի անվտանգությունը կասկածի տակ առնվի»,-ասել է նա:
Սաուդիան Արաբիայի արտգործնախարար Սաուդ ալ Ֆայսալը կոչ է արել զինել սիրիական ընդդիմությանը:
«Քանի դեռ միջազգային հանրությանը չի հաջողվել դադարեցնել արյունահեղությունը մենք պետք է առնվազն սիրիացիներին ինքնապաշտպանվելու հնարավորություն տանք»,- ասել է նա:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հավաքին մասնակցած դիվանագետներից մեկը տեղեկացել է, որ հանդիպման ընթացքում մարդասիրական միջանքների կամ բուֆերային գոտու ստեղծման մասին որևէ քննարկում չի եղել:
«Սիրիայի բարեկամների» հավաքի ընթացքում քննարկվել է Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու հարցը, ինչը, հավանաբար տեղի կունենա հարևան երկրների` Թուրքիայի, Լիբանանի և Հորդանանի միջոցով:
Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան հրաժարվել էր մասնակցել «Սիրիայի բարեկամների» հավաքին` այն ապակառուցողական համարելով: Ռուսաստանի համոզմամբ` այն կարող է վատ ազդեցություն ունենալ Քոֆի Անանի նախագծի իրագործման վրա:
Հավաքի ընթացքում Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ, որ ինքն անձամբ է հրավիրել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, սակայն նա մերժելը է հավաքին մասնակցելու իր հրավերը:









