Վրաստանում ընտանիքի անդամին վիրավորելու համար կտուգանեն 300 դոլարով

10:55 • 20.04.12

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ռուսուդան Քերվալիշվիլին նոր օրինագիծ է նախաձեռնել, որը նախատեսում է խիստ պատժամիջոցներ ընտանեկան բռնությունների դեմ: Օրինագիծը կքննարկվի մոտ ժամանակներում, հայտնում է vz.ru-ն:

 

Օրինագծով` բռնությունը կհամարվի քրեական հանցագործություն. վիրավորանքների ու ծեծի համար մեղավորը կազատազրկվի 6 ամսից 3 տարով: Իսկ եթե նրա գործողությունները մահվան հանգեցնեն` նրան կսպառնա մինչև 20 տարվա ազատազրկում:

 

Ընտանիքի անդամին վիրավորական խոսքեր ասելու համար մեղավորը տուգանք կվճարի մինչև 500 լարիի չափով (մոտ 300 դոլար):

 

Պարբերական ֆիզիկական, բարոյական, սեռական ու հոգեկան բռնությունների համար օրինագիծը նաև ուղղիչ աշխատանքներ է սահմանում:

 

«Այժմ մարդիկ կիմանան, որ նրանց վարքագիծն ընտանիքում հղի է հետևանքներով»,- ասել է փոխխոսնակը:

 

Հետազոտությունների համաձայն` Վրաստանում անչափահասների 54%-ը ֆիզիկական, իսկ 7%-ը` սեռական բռնությունների են ենթարկվում: