Գրողների միության 6-րդ համագումարին մասնակցում է ավելի քան 60 սփյուռքահայ գրող
ՀՀ Սփյուռքի նախարարությունում այսօր տեղի ունեցավ Հայաստանի գրողների միության 6-րդ համագումարը, որին ներկա էին աշխարհի շուրջ 20 երկրներից ժամանած, ավելի քան, 60 գրողներ:
Ընդհանուր առմամբ, ներկա էր մոտ 100 գրող՝ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից:
Համագումարին ներկա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ելույթ ունենալով գրողների առջև՝ նրանց ողջունեց տանը գտնվելու առիթով։ «Հայաստանը յուրաքանչյուր հայի տունն է, բնականաբար, նաև յուրաքանչյուր հայ գրողի տունն է»,- ասաց նա:
Այնուհետ, նախարարը ներկայացրեց այն գրքերը, որոնք լույս են տեսել Սփյուռքի նախարարության օժանդակությամբ: Հրանուշ Հակոբյանը ներկայացված գրքերից, հատկապես, առանձնացրեց ՀՀ Սահմանադրության վերածումը արևմտահայերենի:
«Հաջորդ գիրքը, որ կառանձնացնեմ, Բաքու քաղաքի մասին է: Սրանով մենք ցանկանում են ապացուցել, որ հայերն են կառուցել այդ քաղաքը: Առաջիկայում պլանավորում ենք այն թարգմանել անգլերեն, ռուսերեն և այլ լեզուներով»,- հավելեց Հրանուշ Հակոբյանը:
Սփյուռքի նախարարության օժանդակությամբ հրապարակված մյուս գրքերից են՝ «Գրական տեղեկատու-2011», վիրահայ գրողների ստեղծագործությունների «Վերնատուն» և «Արդի հայ երիտասարդ բանաստեղծներ» ժողովածուները, «Արմեն Դարյան.Մատյան բանավոր խոսքի» գիրքը և այլ:
ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նշեց, որ համագումարով սկսվում է հայ գրքի փառատոնի արարողությունները:
«Մենք՝ միասնական միավոր ենք ընկալում Հայաստանի և Սփյուռքի գրողներին: Ցավոք, մենք Սփյուռքում չունենք մինչև 35 տարեկան գրողներ: Բայց ունենք գրողներ, որոնք շարունակում են մտածել հայեցի և կերտել նոր ստեղծագործություններ՝ նվիրելով հայրենիքին»,- ասաց Անանյանն ու շնորհավորեց բոլոր ներկաներին՝ Հայ տպագրության 500-ամյակի առիթով:
Հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ Ավիկ Իսահակյանն իր խոսքում նշեց, որ սփյուռքում չկա մի մտավորական, որ չգրի ու չստեղծագործի:
«Սփյուռքում մենք մի ամբողջ բանակ ունենք, գրելը՝ սփյուռքում ապրողների պահանջն է դարձել: Այն մտավախությունը, որ երիտասարդները հայերեն չեն ստեղծագործում, ոչինչ, դա բնական է, կարևորն այն է, որ նրանք հայ են մնացել»,- նկատեց գրականագետը:
Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նաև սփյուռքահայ գրողների գրքերի շնորհանդեսը:










