Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ընդունեց Սերգեյ Լեբեդևին

17:43 • 23.04.12

Տարածքային կառավարման նախարար, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, ով Հայաստանում է` մասնակցելու Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը, որն անցկացվում է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում:


ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Սերգեյ Լեբեդևը բարձր է գնահատել միջոցառումները` նշելով, որ նկատելի է Հայաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքն ու ուշադրությունը դրանց նկատմամբ և հաջողություններ մաղթել` հաշվի առնելով, որ ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջին է, որ նման պատվավոր առաքելություն է ստանձնում:


Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր հերթին հույս է հայտնել, որ տարվա ընթացքում շարունակվող միջոցառումները նոր թափ կհաղորդեն գրատպության զարգացմանը և նոր սերնդի մեջ սեր կառաջացնեն դեպի տպագիր գիրքը:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԱՊՀ բարձրագույն մարմինների նիստերի օրակարգային հարցերին, ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը որոշ հարցերի վերաբերյալ:


Հանդիպմանն անդրադարձ է եղավ նաև Հայաստանում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Արմեն Գևորգյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները ջանքեր են գործադրում ընտրությունները պատշաճ մակարդակով և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու ուղղությամբ: Մասնավորապես` նոր Ընտրական օրենսգրքով մրցակցային հավասար պայմաններ են ապահովվում բոլոր ուժերի համար, և ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերն իրենց ծրագրերը ներկայացնելու բավարար հնարավորություններ ունեն:


Կողմերը հույս են հայտնել, որ նախընտրական անցած շրջանին բնորոշ դրական միտումները կպահպանվեն, և բուն ընտրական գործընթացը կանցկացվի պատշաճ մակարդակով:


Սերգեյ Լեբեդևը տեղեկացրել է, որ ԱՊՀ դիտորդական առաքելությունը հետևում է նախընտրական փուլին և նախատեսում է շարունակել աշխատանքները ողջ ընթացքում: