Ֆուտբոլի աշխարհի առաջնության Հայաստան–Իտալիա խաղի շրջանակներում իտալացի գործարարներ կգան Հայաստան

15:01 • 23.04.12

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրությունից։

Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ գտնվում եք Հայաստանում: Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը՝ համագործակցության նոր ուղիներ գտնելու և երկկողմ կապերն ամրապնդելու համար»:

 

Նշելով, որ Միլանի հայ համայնքի հետ ձևավորվել են գերազանց հարաբերություններ՝ Գվիդո Պոդեստան ասել է, որ առկա են մի քանի ուղղություններ, որտեղ կան համագործակցության լավ հնարավորություններ:

Խոսելով գործարար կապերի հաստատման վերաբերյալ՝ Միլանի նահանգապետը տեղեկացրել է, որ առաջիկա նոյեմբերին ֆուտբոլի Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման շրջանակներում Հայաստան է ժամանելու իտալացի գործարարներից կազմված մեծ պատվիրակություն:

 

Այս համատեքստում, զրուցակիները քննարկել են մեր երկրում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և ներդրումային այլ ծրագրերում հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր:

 

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում իտալական կողմից ներդրումների հնարավոր ներգրավմանը, տեքստիլ արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, գյուղատնտեսության, դեղագործության, մշակույթի, կրթության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության զարգացմանը և կապերի հաստատմանը: