ՌԴ-ում «Դարյա» խորովածանոցի հայազգի սեփականատերերին ոստիկանները ծեծել են և ծանր վնասվածքներ պատճառել (տեսանյութեր)

21:26 • 23.04.12

Մերձմոսկովյան Լենինսկի շրջանի Մոսկովսկայա քաղաքում այս գիշեր, ոստիկանության և «Դարյա» խորովածանոցի սեփականատերերի միջև տեղի ունեցած վեճը նոր զարգացումներ է ստանում: Հայազգի տուժողները դատական հայց են ներկայացրել ոստիկանների դեմ և պնդում են, որ տուժածներից մեկի ողնաշարը կոտրել են, հաղորդում է Life News-ը:

38-ամյա Արսեն Գասպարյանը, իրավապահների կողմից ձերբակալվածներից մեկը, Վիդնոյե քաղաքի դատական հայց է ներկայացրել ՆԳՆ աշխատակիցների դեմ:

Գասպարյանը պնդում է, որ ոստիկանության աշխատակիցները, բացարձակապես առանց պատճառի, հարձակվել են իր և իր ընկերների վրա, դաժան ծեծի ենթարկել և ձերբակալված տղաներից մեկի ողնաշարը կոտրել են:

«Օպերլիազորները, գոռալով՝ «Կանգնել, ոստիկանությունն է», օդ կրակելով, մեզ գետնին են գցել, որից հետո մեզ ձեռնաշղթաներ են հագցրել և սկսել են ոտքերով և մահակներով հարվածել», - գրել է իր հայտարարության մեջ Արսեն Գասպարյանը:

Տուժածը պնդում է, որ ոստիկանություն են տարել 6 մարդու, այն դեպքում, երբ ՆԳՆ պաշտոնական տվյալներով, ձերբակալվել է 3 մարդ:


«Երեքին անհասկանալի պատճառով ազատ արձակեցին: Սերժիկ Մելքոնյանը չէր կարողանում քայլել և ամբողջովին արնաշաղախ էր, սակայն ինչքան էլ մենք խնդրեցինք, նրանք «շտապ օգնություն» չկանչեցին: Փոխարենը մեզ սպառնում էին, որ այսուհետ մենք աշխարհին ճաղերի ետևից կնայենք», - ասել է Արսեն Գասպարյանը:

Մերձմոսկովյան իրավապահ գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Դարյա» խորովածանոցի սեփականատերերին ձերբակալելուց հետո «Կոմունարսկի» բաժանմունք են ժամանել 40-50 մարդ և պահանջել ազատ արձակել իրենց ընկերներին:


Արսեն Գասպարյանը պնդում է, որ իրեն աջակցելու եկած մարդկանց թիվը շատ ավել էր` մոտ 100 մարդ:

«Ազատվելուղ հետո մենք գնացինք հիվանդանոց, որտեղ գրանցվեցին ծեծի հետևանքները: Մելքոնյանին տեղափոխեցինք Սկլիֆոսովսկու անվան կենտրոն, քանի որ ողնաշարի և կողերի կոտրվածքներ, գլխի վնասվածք և ուղեղի ցնցում է ստացել», - նշել է Գասպարյանը:


Ըստ պարբերականի, Սկլիֆոսովսկու անվան կենտրոնում, ռենգենից հետո, հերքվել է ողնաշարի կոտրվածքի նախնական ախտորոշումը, սակայն քննիչները, միևնույն է, պետք է ստուգեն ոստիկանների գործողությունների իրավաչափությունը: