«Սև գիրք»-ը թուրքական ժխտողականության ժխտումն է. գրականագետ Ալբերտ Իսոյան
Միջազգային հանրությանը հայտնի են կապույտ, դեղին, նարնջագույն, կարմիր գրքեր, ասում է «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն, գրականագետ Ալբերտ Իսոյանն ու պարզաբանում, որ Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունն ամփոփող իր աշխատությունը հատուկ կոչել է «Սև գիրք», այս կերպ՝ վերնագրի միջոցով, ընդգծելով գրքի բովանդակության առարկան՝ թուրքական ժխտողականությունը:
Այս մասին այսօր հայտարարեցին գիրքը՝ ընթերցողի սեղանին հասցրած հեղինակային խումբը՝ Ալբերտ Իսոյանը և գրքի ռուսերեն տարբերակի հեղինակ Ալբերտ Նալբանդյանը:
Ա. Իսոյանը նշեց, որ «Սև գիրք»-ը շուրջ հարյուր տարի շարունակվող Թուրքիայի ժխտողական քաղաքականության ժխտման ժխտումն է:
«Ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր են հրատարակվել տարբեր լեզուներով, բայց օտարների խոսքը համահավաք կերպով ներկայացվում է առաջին անգամ»,- ասաց Ալբերտ Իսոյանը:
Նշենք, որ գրքում առաջին անգամ համահավաք ներկայացվում են Թուրքիայում հայկական կոտորածների մասին օտարազգի նշանավոր պետական ու քաղաքական գործիչների, դիվանագետների, ականատեսների, ճանապարհորդների, պատմաբանների, գրողների, լրագրողների, միսիոներների հոդվածները, ելույթները, նոթերը, վկայությունները, գեղարվեստական ստեղծագործությունները:
Գրքում զետեղված են Ֆ.Դոստոևսկու, Լ.Տոլստոյի, Վ.Սոլովյովի, Մ.Տվենի, Է.Վերհարնի, Վ.Կորոլենկոյի, Է.Հեմինգուեյի, Է.Դիլոնի, Ու.Գլադստոնի, Ջ.Բրայսի, Ու.Չերչիլի, Լ.Տրոցկու, Ի.Ստալինի, Յո.Լեփսիուսի, Հ.Մորգենթաուի, Ա.Մանդելշտամի և այլոց խոսքերը:
Գիրքը հրատարակության է պատրաստել Ալբերտ Իսոյանը: Այն հասցեագրված է պատմաբաններին, քաղաքագետներին, ցեղասպանագետներին և ընթերցող հանրությանը: Իսկ կառուցվածքի առումով, գիրքը բաղկացած է չորս բաժնից` թուրքական կոտորածների բնութագիր, 1894-1896, 1909-ի կոտորածները, Հայոց մեծ եղեռն, հետեղեռնյան շրջան:
Բոլոր հեղինակները ներկայացվում են իրենց կենսագրությամբ, լուսանկարով, հայկական հարցի հետ ունեցած առնչություններով և համառոտ մատենագիտությամբ: Նյութերի զգալի մասը հայերեն լույս են տեսնում առաջին անգամ:
Գրքի ռուսերեն թարգմանությունն իրականացրած Ալբերտ Նալբանդյանը նշեց, որ գիրքն ընթերցելիս զարմանքով պարզել է, որ ոչինչ չի իմացել Հայոց ցեղասպանության մասին, չնայած մինչ այդ, այս թեմայով, ահագին գրականություն է կարդացել:
Այսպիսով, Ալբերտ Նալբանդյանն ընթերցողին խորհուրդ է տալիս՝ ողջ ճշմարտությունն իմանալու համար վերցնել և կարդալ «Սև գիրքը»:
Ժողովածուն, աննշան փոփոխություններով, կտպագրվի նաև թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն:









