Քահանայական ձեռնադրություն՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում

20:54 • 23.04.12

Ապրիլի 22-ին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, Ս. Պատարագի ընթացքում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն` օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի ձեռամբ քահանայական օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի յոթ միաբան սարկավագներ: Նախորդ օրը` երեկոյան ժամերգությունից առաջ, տեղի ունեցավ սարկավագների ընծայման արարողությունը: Այս մասին հաղորդում են Ս.Էջմիածնի մամլո դիվանից:

Սուրբ Պատարագին Արտակ Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին` Ս. Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը և շնորհելով հոգևոր նոր անուններ: Էդգար սարկավագ Ամիրյանը վերակոչվեց Տ. Սեպուհ քահանա, Դավիթ սարկավագ Սարգսյանը` Տ. Սամուել քահանա, Զավեն սարկավագ Խաչիկյանը` Տ. Ռաֆայել քահանա, Արտակ սարկավագ Գաբրիելյանը` Տ. Սևակ քահանա, Լևոն սարկավագ Հախվերդյանը` Տ. Մինաս քահանա, Վարուժան սարկավագ Հակոբյանը` Տ. Բարդուղիմեոս քահանա և Հայկ սարկավագ Սմբատյանը` Տ. Հուսիկ քահանա: Ձեռնադրության և օծման արարողության ավարտին քահանա հայրերը ներկաներին տվեցին իրենց անդրանիկ օրհնությունը:

Այնուհետև ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու կյանքում կարևոր և ուրախալի այս իրադարձությանը. «Մայր Տաճարի այս սրբարանում առ Բարձրյալն Աստված գոհությամբ և փառաբանությամբ ողջունում եմ ինքնանվիրումի այս խորհրդավոր պահը: Երեք անգամ երիտասարդները հրաժարվեցին աշխարհից` աշխարհը բերելու և վերստին մոտեցնելու համար Աստծուն, որովհետև նրանք, ովքեր աշխարհից հրաժարվում են, աշխարհը չէ, որ թողնում են, այլ աշխարհի մեջ աշխարհայինը, որպեսզի աշխարհն իրենց ծառայության շնորհիվ Աստծո օրհնությամբ լցվի»:

Անդրադառնալով քահանայական կոչմանը` Արտակ Սրբազանը նշեց. «Իր գործնականությամբ քահանայությունը երկու ծայրեր ունի` մեկն Աստուծո, երկրորդը ժողովրդի: Առաջինը պարզ և հասարակ գործ չէ, երկրորդը` մարդկության ծառայելը ևս դյուրին չէ: Այս երկուսը բարի մարդկանց առաքելություն է, որովհետև Աստված բարի է, ուրեմն Իր անունով ծառայողները պետք է բարի լինեն»:

Քարոզի ավարտին խոսքն ուղղելով նորընծա քահանաներին` Սրբազան Հայրը մաղթեց սիրով, նվիրումով և հավատարմությամբ իրականացնել իրենց սպասավորությունը, ապա ուրախություն հայտնեց, որ Մայր Աթոռի ուխտյալ միաբանությունը զորացավ նոր եկեղեցականներով:

Այնուհետև Մայր Աթոռի միաբանները բարձրացան Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին և համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:

Նույն օրը` երեկոյան, կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը: Տ. Մինաս և Տ. Հուսիկ քահանաները վեղար ստացան` համալրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Ապրիլի 23-ին նորաօծ եկեղեցականներին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը` հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը նրանց հետագա հոգևոր սպասավորության համար:

Իր հայրական պատգամի մեջ Նորին Սրբությունն ընդգծեց, որ յոթ սարկավագների հանձն առած հոգևոր սպասավորությունը պատասխանատու և պատվաբեր ծառայություն է: Վեհափառ Հայրապետը նշեց, որ ցանկանում է տեսնել եկեղեցականներ, ովքեր նվիրում ունեն և ծառայությունը չեն ընկալում որպես պաշտոն, այլ` կոչում և առաքելություն, այնպիսի սպասավորներ, ովքեր լինելով Աստծու խոսքի անդուլ քարոզիչներ, անմնացորդաբար կնվիրվեն իրենց ծառայությանն ու ժողովրդին: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց նորընծաներին հավատով ու պատվով, ամենօրյա հոգատարությամբ աշխատանք տանել ժողովրդի կյանքում հոգևոր-բարոյական արժեքների զորացման համար: Վերջում Նորին Սրբությունը մաղթեց երիտասարդ հոգևորականներին, որ զորացած Աստծու օգնականությամբ նրանք իրենց նվիրյալ ծառայությամբ վաստակեն ժողովրդի սերն ու օրհնությունը և լինեն հպարտ և երջանիկ հովիվներ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում քառասնօրյա պատրաստության և աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում: