«Հսկումի երեկո»՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

16:17 • 23.04.12

Լիբանանում այս օրերին տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Ապրիլի 22-ի երեկոյան, Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ, Բիքֆայայի Նահատակաց հուշարձանի առջև տեղի է ունեցել «Հսկումի երեկո»:


Միջոցառմանը մասնակցել են Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորները, Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հայ հարանվանությունների հոգևոր առաջնորդները, հասարակական, հայրենակցական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ, ներկաների ուշադրությանն է ներկայացվել հարուստ գեղարվեստական ծրագիր՝ երգչախմբերի և պարախմբերի կատարմամբ:


Լիբանանի օգնության խաչի (ԼՕԽ) շրջանային վարչության կազմակերպությամբ և Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ, տեղի է ունեցել այցելություն Այանթուրայի նախկին որբանոցում, որտեղ 2010թ. կանգնեցվել է հուշակոթող-խաչքար` նվիրված 1915թ. Եղեռնից փրկված և որբանոցում մահացած հայ որբերի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստի արարողություն:


«Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահի վարչությունը կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն:


Ապրիլի 20-ին ՀՅԴ ԼԵՄ-ի «Շահեն Մեղրյան» մասնաճյուղի քարոզչական հանձնախումբը Զալքայի Հայ կաթողիկե Սուրբ Խաչ եկեղեցու սրահում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-ամյակի ոգեկոչման երեկո:


Նույն օրը Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Ճանաչումից հատուցում-հետևողական, կազմակերպված և հավաքական կամքով» աշակերտական ոգեկոչման երեկո: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մանրակերտի բացումը:


Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ, Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միությունը կազմակերպել էր երաժշտական երեկո: Ելույթ է ունեցել Աթենքի ակադեմիայի Eleni Myconiou մրցանակակիր, դաշնակահար Քրիսթին Թոքաթլյանը:


Ապրիլի 21-ի երեկոյան, ՀԲԸՄ-ի Կրթական հանձնախմբի հովանավորությամբ, ՀԲԸ Միության վարժարանների աշակերտները ներկայացրել են «Փյունիկի Սլացք» համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-ամյակին: