Հրանուշ Հակոբյանն ընդունել է Լիբանանի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ապրիլի 23-ին ընդունել է Լիբանանի Հանրապետության մշակույթի նախարար Գաբի Լեյունի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նախարարի խորհրդական Միշել դը Շատարևյանը և լիբանանահայ գրող, թարգմանիչ և գրաքննադատ Սարգիս Կիրակոսյանը:
Ըստ նախարարության մամուլի հաղորդագրության՝ ողջունելով հյուրերին` Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել հայ-լիբանանյան ջերմ, բարեկամական հարաբերությունները` նշելով, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լիբանանի և նրա ժողովրդի ջերմ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայությանը ապաստան տալու, օրհասական պահին սատար կանգնելու և աջակցելու հարցում:
Գաբի Լեյունն իր հերթին նշել է, որ լիբանանահայ համայնքը կարևոր դեր է խաղում Լիբանանի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքում և այլ ոլորտներում` ընդգծելով, որ լիբանանահայերը արժանի և օրինակելի քաղաքացիներ են:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցերի: Քննարկվել է Հայաստանում Լիբանանի հայ համայնքի օրեր անցկացնելու հնարավորությունը:
Հ.Հակոբայնը Գաբի Լեյունին նվիրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որն ընդգրկում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների լուսանկարներ և տեղեկություններ դրանց վերաբերյալ: Պատկերագրքում տեղ են գտել նաև Լիբանանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված յոթ հուշակոթողների լուսանկարները:










