Իսրայելի արտգործնախարարը Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է նաև Իրանի հարցը

22:31 • 23.04.12

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը պաշտոնական այցով Ադրբեջանում է, նա հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Ի. Ալիևի և ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:

«Ադրբեջանի և Իսրայելի միջև հնարավորինս լավ հարաբերություններ են ձևավորվել: Մենք էֆեկտիվ, համատեղ վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենք», - ըստ ԱՊԱ գործակալության` հայտարարել է Լիբերմանը:

Իսրայելի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են և ավելի են զարգանում:

«Երկու երկրների միջև առևտրային շրջանառության ծավալը հասել է 4 մլրդ ԱՄՆ դոլարի: Ես հանդիպումներ եմ ունեցել նախագահ Ալիևի և ԱԳՆ ղեկավար Մամեդյարովի հետ: Մենք քննարկել ենք միջազգային քաղաքականության ողջ սպեկտրը, տարածաշրջանային հարցերը, ինչպես նաև Իրանի հարցը», - հայտարարել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը: