Վրաստանը դուրս է գալիս ԱՊՀ բոլոր պայմանագրերից ու համաձայնագրերից
Վրաստանը մտադիր է ավարտին հասցնել ԱՊՀ շրջանակում ստորագրված բոլոր պայմանագրերից ու համաձայնագրերից դուրս գալու գործընթացը, այսօր հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն` մեկնաբանելով օրերս Վրաստանի` «Միր» հեռուստառադիոկորպորացիայի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումը:
«Մենք ԱՊՀ անդամ չենք, մեզ հարկավոր չեն լրացուցիչ պարտավորություններ»,- ասել է նա:
Կալանդաձեի խոսքով` Վրաստանի` ԱՊՀ -ից դուրս գալու պահից ի վեր, սկսվել և աստիճանաբար իրականացվում է համաձայնագրերից դուրս գալու գործընթացը:
Վրաստանն ԱՊՀ անդամ է դարձել 1993թ.-ի վերջին` դառնալով կառույցի 12-րդ ու վերջին անդամը, իսկ կազմից դուրս է եկել 2008թ.-ին` ռուս-վրացական պատերազմից հետո: Պաշտոնապես երկիրը դուրս է եկել ԱՊՀ-ից 2009թ.-ի օգոստոսին: Մոտ 75 միջազգային պայմանագրերից երկիրը դեռևս մասնակցում է շուրջ 30-ին:









