«Վերջին զանգ». երաժշտական նոր տեսահոլովակ՝ շրջանավարտների համար

15:05 • 23.04.12

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2012թ. շրջանավարտներին նվիրում է մի նոր երաժշտական տեսահոլովակ, որ կոչվում է «Վերջին զանգ»:
Երգը հնչում է երգիչ Մհերի կատարմամբ, երաժտության և խոսքերի հեղինակներն են Ժաննա և Լևոն Բլբուլյանները, իսկ ռեժիսորը՝ Արեն Բլբուլյանը:


Այսօր ԿԳ նախարարությունում տեսահոլովակի շնորհանդեսին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ երգը գալիս է ոչ թե նախկին «Վերջին զանգ»-երին փոխարինելու, այլ լրացնելու եղածը: Իսկ նոր «Վերջին զանգ» երգ ստեղծելու առաջարկը նախարարն ստացել է ֆեյսբուքից:


«Մեզ մի քանի անգամ մեղադրել են երգի հնաոճության մեջ, բայց սա վալս է, որը չի կարող հնաոճ լինել: Սա պարային երաժշտություն է, որի ժամանակ յուրաքանչյուր սիրահարված երիտասարդ հնարավորություն կունենա պարի հրավիրել այն դասընկերուհուն, որին երբևէ պարի հրավիրելու հնարավորություն չի ունեցել»,- ասաց նախարարը:


Երգի կատարողը՝ Մհերը, ևս անդրադարձավ երգի հնաոճ լինելու մասին հնչած կարծիքին և նշեց, որ այն չէր կարող լինել ռեփ, քանի որ այն նախատեսված է ոչ միայն այսօրվա սերնդի, այլև մինչ օրս դպրոցն ավարտածների համար:


Ռեժիսոր Արեն Բայադյանն էլ իր խոսքում նշեց, որ մինչ այժմ շատ երգեր են եղել վերջին զանգի մասին, բայց այս մեկն առանձնահատուկ է հետևյալ պատճառով. «Տեսահոլովակը կարծես փոքրիկ ֆիլմ լինի, մի կյանքի պատմություն: Յուրաքանչյուրը կգտնի իրեն այս տեսահոլովակի մեջ»,- հավելեց նա:


Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ երբեք չի լինում նախաձեռնություն՝ գրելու առաջին զանգին նվիրված երգ, նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց առաջարկի համար և խոստացավ, որ հետամուտ կլինի, որպեսզի առաջարկը կյանքի կոչվի։


«Հայտարարում եմ մրցույթ մինչև հուլիսի կեսը: Առաջին զանգին նվիրված երգեր կարող են ներկայացնել բոլոր հեղինակները և մենք այն կպատրաստենք սեպտեմբերի համար»,- հայտարարեց ԿԳ նախարարը:


«Վերջին զանգ» երգը տեղադրված է ԿԳՆ կայքում և եթե շրջանավարտները ցանկանան այն կատարել իրենց վերջին զանգին, կարող են ներբերռնել երգի «մինուս» տարբերակը:


«Վերջին զանգ»–ի ստեղծման բոլոր ծախսերը, այդ թվում, տեսահոլովակի ֆինանսավորումը, իրականացվել է մասնավոր սեկտորի օգնությամբ:


«Նախարարությունը կարողացել է գտնել ներդրողներ և սրա համար պետական միջոցներից ոչ մի լումա չի տրամադրվել: Ֆինանսավորող ընկերությունները չեն խնդրել ո՛չ իրենց անունները հրապարակել և ո՛չ էլ իրենց ապրանքանիշը որևէ կերպ ներառել տեսահոլովակում: Այն արված չէ կոմերցիոն նպատակով»,- ասաց նախարարն ու ավելացրեց, որ ընդհանուր առմամբ ծախսվել է 2.5 մլն դրամ:


Երգի աուդիո տարբերակը կարելի է լսել այստեղ։