Գողացել եք, ջհանդամը, գնայիք գոնե Ղարաբաղը շենացնեիք. Լևոն Տեր-Պետրոսյան

16:26 • 23.04.12

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր «Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչների հետ Վարդենիս կատարած նախընտրական այցի ժամանակ տեղացիների հետ հանդիպմանն ասաց, թե վստահ է, որ վարդենիսցիների գրպանում 1000 դրամից ավելի գումար չկա։


«էտ էլ չկա»,– արձագանքեցին հավաքվածները, որից հետո Տեր-Պետրոսյանը բացատրեց, թե է չլինելու պատճառն այն է, որ իշխանություններ թալանում են ժողովրդին։


«Նրանք այնքան են կերել, որ ամեն ինչ ունեն, պալատներ են կառուցել, մեքենաները՝ միլիոններ արժեն, իրենց հանգիստն անցկացնում են լավագույն հանգստյան տներում: Դա էլ քիչ չէ, մեկ էլ գնում են Մոնտե Կառլոյի, Բադեն-Բադենի կազինոներում ձեզնից գողացած գումարները վատնում ու նույնիսկ ուրախանում պարտությունից»:


Լևոն Տեր-Պետրոսյանը հարցրեց, թե ինչո՞ւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի ապրում Ղարաբաղում և հիշեցրեց, որ ժամանակին նա Արցախում պաշտոն ուներ, սակայն երբ կորցրեց, Ստեփանակերտը «թողեց-փախավ»։
«Ավելին, հսկայական հարստությունների տեր են դարձել»,-նկատեց ընդդիմադիր դաշինքի առաջնորդը և ավելացրեց. «Գողացել եք ջհանդամ, գնայիք, գոնե, Ղարաբաղը շենացնեիք, ինչի՞ չեք գնում Ղարաբաղում ներդրումներ անում, այլ ամբողջ աշխարհում ներդրումներ ունեք»:


Վերջինս հավատացրեց, որ եթե կրկին Սերժ Սարգսյանն ընտրվի՝ «երկիրը ձեռքից կգնա»: Կարևորելով ԱԺ ընտրությունների արդյունքները՝ նա նկատեց, որ դրանք որոշիչ կլինեն նախագահական ընտրությունների համար:
«Եթե դուք թույլ տաք հաղթի ՀՀԿ-ն՝ իր կույրաղիքի հետ, ապա նախագահականում էլ Սերժն է ընտրվելու: Իսկ եթե ԱԺ-ում չընտրվեց՝ երբեք նա նախագահ չի դառնա: Դուք չեք թողնի, ուրիշ ճար չկա, հո դուք ինքնասպան չե՞ք: Ով ձայն տվեց, նա ինքնասպանություն կգործի»,- ասաց Տեր-Պետրոսյանը:


Խոսելով անելիքներից՝ Կոնգրեսի առաջնորդը նշեց, որ եթե միայն իշխանության գրպանած է գումարը վերադարձվի ժողովրդին, բյուջեն 2,5 մլրդ դրևամից կդառնա 7.5 մլդ և այդ գումարն էլ կբավականացնի երկրի վիճակը երկու-երեք անգամ լավացնելու համար:


Լևոն Տեր–Պետրոսյանն իր ելույթն ավարտեց կոչով՝ չվախենալ, քանի որ իշխանությունների վախն ավելի շատ է, և ընտրել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսին: