ՀՀԿ-ն համերաշխության ջատագովն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանի հանրապետական կուսակցությունը համերաշխության ջատագովներից է և անցած տարիներին կարողացել է վերացնել պառակտվածությունը: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակում Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպմանը:
«ՀՀԿ-ն համերաշխության ջատագովներից է: Մեզ հաջողվել է վերացնել պառակտվածության և անհանդուրժողականության մթնոլորտը, և գալիք ընտրությունները մենք պատկերացնում ենք այդ մթնոլորտում: Մենք գիտենք, որ ընտրությունների ժամանակ ձայների մեծ թիվ ստանալը մեծամտանալու առիթ չէ. մենք շարունակելու ենք հավատարիմ լինել մեր վարած քաղաքականությանը: Ժամանակն է անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչելու»,-ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ առաջնորդը կոչ արեց բոլոր թերահավատներին նայել իրենց և տեսնել, որ իրենք են այն առաջատար ուժը, որը ներգրավել է մտավորականներին, երիտասարդներին, կանանց, անկուսակցականներին և ուրիշ կուսակցության ներկայացուցիչներին:
Տնտեսությանն անդրադառնալով՝ երկրի ղեկավարը նշեց, որ իրենք փոխում են Հայաստանը դեպի լավը. «Մենք փոխում ենք Հայաստանը դեպի լավը: Պետք է զարգացնել արտադրական հնարավորությունները, որպեսզի ասպարեզ բացվի յուրաքանչյուր աշխատունակի համար: Մենք արժանապատիվ հնարավորություններ ենք ստեղծելու արժանապատիվ կյանք վարելու համար: Աշխատող հայ մարդը առանց աշխատանքի չպետք է մնա»,-ասաց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը ցանկանում է երկու բան. 1-ին, որ վստահեն իր ղեկավարած կուսակցությանը, և 2-րդ՝ անցկացվեն արժանապատիվ ընտրություններ:









