ՀՑԹԻ գիտական խորհուրդը պարգևատրել է Ռալֆ Յիրիկյանին, Ջեֆրի Ռոբերտսոնին և Յուսսի Բյորնին
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) գիտական խորհուրդը պարգևատրել է Ռալֆ Յիրիկյանին, Ջեֆրի Ռոբերտսոնին և Յուսսի Բյորնին։
Ինչպես տեղեկանում ենք «Վիվա Սելլ–ՄՏՍ» ընկերության տարածած հաղորդագրությունից, թանգարան-ինստիտուտին աջակցություն ցուցաբերած և Հայոց ցեղասպանության ուսումասիրության ոլորտում ավանդ ունեցող անհատներ արժանացել են «Երախտագիտություն¦ անվանակարգով թողարկված Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալի։
Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացվել է «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրություն, որը որոշակիորեն ամփոփում է թանգարան-ինստիտուտի հետ երախտավորների համագործակցության արդյունքները:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ամփոփել է 2006-2011թթ.ընթացքում իր գործունեության հիմնական արդյունքներն ու նախանշել Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը:
Ասուլիսին մասնակցել են Հայոց ցեղասպանությանն առնչվող պատմական փաստերին ու քաղաքական շահարկումներին նվիրված «Արդյոք եղե՞լ է հայկական ցեղասպանություն» զեկույցի հեղինակ Ջեֆրի Ռոբերտսոնը և նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը՝ Յուսսի Բյորնը: Նա, ի դեպ, վերջերս հայտնաբերել է Բոդիլ Բյորնի ձեռագիր այն հուշագրությունները, որոնք նկարագրում են 1915թ. Մուշում տեղի ունեցած կոտորածները և համարվում էին կորած:
Ասուլիսին հաջորդել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացված «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը: Այն ներառում է շուրջ 300 միավոր հնատիպ սկզբնաղբյուրային գրականություն, որը ձեռք է բերվել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ջևան Չելոյանցի (Մոսկվա), ՎիվաՍել- ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և Տիգրան Քալայջյանի (Կիպրոս) աջակցությամբ:
Ցուցադրության մեջ ներառված գրականությունը բաշխված է տարբեր խորագրերի ներքո: Ներկայացված են ճանապարհորդական նոթեր, դասագրքեր, արևմտահայոց հասարակական, մշակութային, գործարար կյանքին վերաբերող հրատարակություններ:
Առանձին ներկայացված են համիդյան ու Ադանայի կոտորածներին վերաբերող և դրանց հաջորդած հայասիրական բնույթի հրատարակությունները, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, սկանդինավյան և այլ երկրներում լույս տեսած եզակի հրատարակությունները:
Դրանք ամբողջությամբ մարդկության ու քաղաքակրթության դեմ թուրքական քաղաքական վարչակարգերի կողմից իրագործած հանցագործությունների լուրջ ու անհերքելի վկայություն են: Ցուցադրության մեջ ներառնված որոշ գրքեր առկա են միայն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուի մեջ:
Հայոց ցեղասպանության թանգարանի գիտխորհրդի որոշմամբ, ՀՑԹԻ ցուցաբերած աջակցության և Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում ունեցած ավանդի համար Ռալֆ Յիրիկյանը, Ջեֆրի Ռոբերտսոնը և Յուսսի Բյորնը արժանացել են Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալին, որը թողարկվել է «Երախտագիտություն» անվանակարգով:
Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի կապակցությամբ, ՀՑԹԻ հաստատել է նախատեսվող ծրագրի ընդհանուր ռազմավարությունը: Միջոցառումների ժամանակացույցը հետևյալն է`
• 2012թ. մայիս- հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ԱՄՆ Կարմիր Խաչի հիմնադիր և հայասեր Կլարա Բարտոնի հիշատակին:Ներկայացվելու է Կլարա Բարտոնի պաշտոնական զեկույցը` համիդյան ջարդերից տուժած հայերին մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին: Զեկույցի հայերեն թարգմանությունն ու տպագրությունն իրականացվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
• Սեպտեմբեր- միջազգային գիտաժողով և ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Զմյուռնիայի աղետի 90-րդ տարելիցին:
• 2012թ. ընթացքում- հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվելու է շուրջ 25 անուն գիրք՝ նվիրված Հայոց ցեղասպանության մինչ օրս չուսումնասիրված դրվագներին:
• 2012թ.-լույս են տեսնելու անգլիալեզու «Հայոց ցեղասպանության ուսումնասիրության միջազգային հանդեսի» առաջին երկու համարները: Հանդեսի միջոցով միջազգային գիտական շրջանակներին ՀՑԹԻ ներկայացնելու է իր գործունեության արդյունքները:
• ՀՑԹԻ աշխատանքներ է սկսել Հայոց ցեղասպանության հանրագիտարանի, Հայոց ցեղասպանության ատլասի և Հայոց ցեղասպանության պատկերազարդ պատմության հատորի պատրաստման ուղղությամբ:
• 2012թ.ընթացքում-արտագնա շրջիկ ցուցադրություններ Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում:
• 2012թ.- Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր մասնաշենքի կառուցման և հին մասնաշենքի հիմնավերանորոգման աշխատանքները:









