Հին Հռոմում կին գլադիատորներ են եղել. հայտնաբերվել է ևս մեկ ապացույց
Գրանադայի համալսարանի հնագետ Ալֆոնսո Մանյասը Համբուրգի արվեստի ու արհեստի թանգարանում հայտնաբերել է կին պատկերող գլադիատորի բրոնզաձույլ մի արձան, հայտնում է «Վեստի»-ն: Անտիկ արձանի յուրահատկությունը դրա անսովոր դիրքի, ձեռքին բռնած առարկայի, հայացքի ու մարմնի վերին հատվածի հագուստի բացակայության համադրումն է:
Արձանը մոտ 2.000 տարեկան է, սակայն թանգարանի աշխատակիցների մոտ չի պահպանվել դրա հայտնաբերման մասին և ոչ մի տեղեկություն: Սկզբում նրանք ենթադրել են, որ արձանը պատկերում է մարզիկ կնոջ, ով ձախ ձեռքին բռնել է հնում մաշկը քրտնքից ու կեղտից մաքրելու համար նախատեսված հարմարանք:
Սակայն հետագայում այս ենթադրությունը ժխտվել է, քանի որ հին ժամանակներում մարզուհիները լիովին մերկ չեն եղել, նրանց կուրծքը ծածկված է եղել թեթև կտորով: Բացի այդ, արձանի դիրքն ու ռազմատենչ հայացքն ավելի շատ հիշեցնում են այն պահը, երբ արյունալի մարտից հետո հաղթողը ողջունում է ամբոխին:
Համաձայն հնագետի եզրակացության` առարկան, որը բռնել է կինը, ոչ այլ ինչ է, եթե ոչ զենք: Իսկ ավելի կոնկրետ` դա սիկա (sica) է` մեծ դաշույն կամ կարճ սուր: Կնոջ մերկությունը հնագետը բացատրել է արյունալի մարտում էրոտիկ տարր մտցնելու ցանկությամբ:
«Կասկած չկա, որ կին գլադիատորների` նման ձևով հայտնվելը գրգռիչ ազդեցություն էր թողնում ամբոխի վրա»,- ասել է նա:
Գոյություն ունեն կին գլադիատորների մասին մոտ 10 գրավոր հիշատակում և ընդամենը մեկ փորագրություն, որտեղ պատկերված են կռվող կանայք: Այն հայտնաբերվել է Հալիկարնասում (ներկայիս Թուրքիա), և այժմ պահվում է Բրիտանական թանգարանում:










