Եթե այս ընտրությունները չլինեն արդար՝ օրենսդիր մարմինը կվերածվի «հօրենսդիր մարմնի». Ռուբեն Ավագյան
«Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը այսօր հրավիրված ասուլիսում, հարցին, թե սպասվող խորհրդարանական ընտրություններում քանի՞ տոկոս ձայն կարող են վաստակել, չցանկացավ կանխատեսումներ անել՝ նշելով՝ կսպասեն արդյունքներին:
Իսկ կկարողանա՞ք հաղթահարել 5 տոկոսի նվազագույն շեմը՝ հարցին էլ պատասխանեց. «Եթե համոզված չլինեինք, էլ ինչո՞ւ ենք մտել գետը»։
Ռուբեն Ավագյանը՝ այնուհետ հավելեց, որ դա հնարավոր կլինի արդար, ազատ ընտրությունների դեպքում: 2003 թվականի նախագահական ընտրություններին, նրա խոսքով, իրենք ավելի շատ ձայն էին հավաքել` 4.4 %, այնինչ ներկայացվեց՝ 0,5 %:
«Գիտակցում ենք, որ եկել է ժամանակը, դրա համար էլ մտել ենք հոսող գետը»,- ասաց «Միավորված հայեր»-ի նախագահը և ավելացրեց՝ եթե այս ընտրությունները չլինեն արդար, ապա օրենսդիր մարմինը կվերածվի «հօրենսդիր մարմնի»:
Կուսակցությունը քարոզարշավը հանրահավաքների, պաստառների միջոցով չի կազմակերպում, քանի որ, ըստ Ավագյանի, իրենք չեն ընդունում «միտինգային, փողոցային կոնցեպտը»:
«Մենք չենք ընդունում «միտինգային, փողոցային կոնցեպտը», այլ շտաբերի միջոցով ենք հանդիպում մեր ապագա ընտրողների հետ, բուկլետներ ենք բաժանում, ասուլիսներ հրավիրում»,- ասաց Ռ. Ավագյանը:
Նա նաև դժգոհություն հայտնեց իշխող կուսակցության խոստումներից և նշեց, որ բոլոր կարգախոսները միշտ հակառակ երևույթն են իրականություն դարձնում։
«Կարգախոսների իրական նպատակն է` «խաբիր, եթե կարող ես», դրա համար էլ տրվում են անհիմն խոստումներ. «Առաջ Հայաստան»-ը` Հայաստանը դատարկեց։ «Հավատանք, որ փոխենք»` ախր ո՞ւմ հավատանք, ինչի՞ն հավատանք»,- նկատեց Ավագյանը:
Կուսակցության առաջնորդը գալիք Ազգային ժողովում փոփոխություններ կատարելու մասին մի շարք առաջարկներ ունի։ «Քաղաքական կուսակցություններին առաջարկում ենք չզբաղվել բարեգործությամբ, Ազգային ժողովի պատգամավորների թվաքանակը 50 տոկոսով կրճատել, «կնոպկա» սեղմողների քանակը նվազեցնել, ընտրագրավը հանել, մեծամասնականով, անցողիկ շեմը 5-7-ից դարձնել 3-5 տոկոս»,- ասաց Ռուբեն Ավագյանը։









