Ռուսաստան-ՆԱՏՕ գագաթնաժողովը դժվար թե կայանա. Ռասմուսեն
Չիկագոյում մայիսի սկզբին նախատեսված Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստան-ՆԱՏՕ հանդիպումը դժվար թե կայանա, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Ըստ նրա` գագաթնաժողովի անցկացումը «իրատեսական չէ»` Ռուսաստանի Դաշնության նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության պատճառով, որը նախատեսված է մայիսի 7-ին:
«Ես խոսել եմ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Եվ մենք համակարծիք ենք, որ երդմնակալության արարողության հետ կապված հագեցած գրաֆիկի պատճառով նման գագաթնաժողով անցկացնելը իրատեսական չէ»,- ասել է նա:
Սակայն գլխավոր քարտուղարը նշել է, որ մոտ ապագայում, այնուամենայնիվ, կանցկացվի Ռուսաստան- ՆԱՏՕ երկկողմ հանդիպում: Բացի այդ, ՆԱՏՕ-ն հրավիրել է Ռուսաստանին մասնակցել Չիկագոյի գագաթնաժողովին, որտեղ քննարկվելու է Աֆղանստանի հարցը:
Ռասմուսենը դրական է գնահատել կառույցի ու Ռուսաստանի միջև փոխգործացությունը: «Իհարկե, կան խնդիրներ, որոնց շուրջ մեր կարծիքները տարբեր են: Դա, առաջին հերթին, Վրաստանն է և Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ծրագիրը: Սակայն բանակցությունները շարունակվում են, և ես հուսով եմ, որ մենք կհասնենք դրանց վերաբերյալ համաձայնության»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՀՊՀ ծրագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ և կոչված է պաշտպանել Եվրոպան պոտենցիալ սպառնալիքներից: Սակայն Ռուսաստանը պնդում է, որ այն սպառնում է ՌԴ տարածքին և պահանջում է անվտանգության երաշխիքներ:









