Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիին

23:23 • 23.04.12

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 22-ին ընդունեց ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ԱՊՀ երկրներում հունական համայնքների խորհրդի նախագահ Իվան Սավվիդիին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում հունական համայնքի ղեկավար Արկադի Խիտարովը: Այս մասին հաղորդում են  ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Պարոն Շարմազանովը բարձր գնահատեց Իվան Սավվիդիի վաստակը քաղաքականության ու գործարարության ասպարեզներում, ԱՊՀ երկրներում հույների ինքնակազմակերպման ու ինտեգրման, հունական մշակույթի և քրիստոնեական արժեքների տարածման գործում` գոհունակությամբ արձանագրելով, որ իր ուրախությունն ու գնահատանքը մեծապես պայմանավորված են նաև իր հունական արմատներով: ԱԺ փոխնախագահը նկատեց, որ հայ-հունական սերտ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, այսօր էլ շարունակվում են պետական մակարդակով, իսկ ազգային, կրոնական և ընդհանրապես արժեհամակարգային ընդհանրությունները հիմք են տալիս երկու ազգերին էլ միմյանց յուրային ընդունել աշխարհի չորս ծագերում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-հունական տնտեսական, մշակութային, կրթական հարաբերությունների ակտիվացմանն առնչվող խնդիրներ:

Պարոն Սավվիդին տեղեկացրեց, որ Հույների միության նպատակն է հնարավորություն ստեղծել, որ աշխարհով մեկ սփռված հույները պաշտպանված լինեն, կարողանան ինքնադրսևորվել ու պահպանել իրենց ազգային ինքնությունը, օգտակար լինել իրենց հայրենիքին: Նա տեղեկացրեց, որ այս համատեքստում Ռուսաստանի հայկական ու հունական համայնքները սերտորեն համագործակցում են ոչ միայն ներքին կենսական խնդիրների լուծման, այլև համազգային նպատակների իրականացման հարցերում:

Արկադի Խիտարովն էլ նշեց, որ պարոն Սավվիդիի աջակցությամբ Վանաձորում շուտով բացվելու է գիտաուսումնական ձեռնարկություն:

Քննարկվեց նաև Հունաստանում հայ, իսկ Հայաստանում հույն գործարարների կողմից ներդրումներ կատարելու հնարավորության հարցը: Պարոն Շարմազանովը հյուրի խնդրանքով անդրադարձավ նախորդ դարասկզբին հույների հանդեպ թուրքիայի իրականացրած զեղասպանությանը` տեղեկացնելով, որ Հայաստանում միշտ էլ Հայոց ցեղասպանության հետ միասին հիշատակվել ու դատապարտվել է հույն և ասորի ժողովուրդների հանդեպ իրականացված եղեռնագործությունը: