Արվեստասեր հայ ժողովուրդն աշխարհում հայտնի է նաև իր հնագույն մատյաններով. Տարոն Մարգարյան

18:28 • 23.04.12

«Երևան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման առիթով Երևանի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Կատալին Բոյարդը, 30 երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ, 50 պատվո հյուրեր և պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Արվեստասեր հայ ժողովուրդը` ի թիվս մշակութային մի շարք արժեքների, աշխարհում հայտնի է նաև իր հնագույն մատյաններով ու գրքերով: Երևանին էլ այսօր տրվում է Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը:

 

Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ընտրության և վստահության համար, ուզում եմ նշել, որ Երևանը հստակ գիտակցում է ստանձնածի կարևորությունը ոչ միայն մեր երկրի, այլև ողջ տարածաշրջանային և միջազգային նշանակության համատեքստում։
Վստահ եմ, որ 2794-ամյա Երևանն ունի այն ներուժը, որով կփորձի համախմբել ամբողջ աշխարհի գրասեր մարդկանց և մասնագետներին:

Իմ կարծիքով սա բացառիկ առիթ է գրքի, գրականության միջոցով խթանելու գիտական, մշակութային, ինչու չէ՝ նաև քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի զարգացումը:

 

Սա նաև հրաշալի առիթ է մշակութային երկխոսության, հետևաբար, միմյանց ճանաչելու և մեկմեկու գնահատելու տեսանկյունից: Միջոցառումների այն ծրագիրը, որ նախատեսել ենք կյանքի կոչել առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ բազմաբնույթ են. փառատոններ, կոնֆերանսներ, ցուցահանդեսներ և այլն:

Համոզված եմ, որ միջոցառումների բազմազանությունն էապես նպաստելու է տպագրական և հրատարակչական գործի զարգացմանը»,- ասել է Տարոն Մարգարյանը:

 

Քաղաքապետը նաև հույս է հայտնել, որ Երևան ժամանած հյուրերն այս օրերի ընթացքում կհասցնեն վայելել մայրաքաղաքի հիասքանչ գեղեցկությունն ու հմայքը: