Հանդիպել են ՀԱԿ-ՀՅԴ նախընտրական շտաբերի պատասխանատուները
Երեկ տեղի է ունեցել ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի և Հայ հեղափոխական դաշնակցություն ներկայացուցիչների հանդիպումը:
ՀԱԿ-ի կողմից հանդիպմանը մասնակցել է թիվ 11 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Արշակ Բանուչյանն ու Շենգավիթի շտաբի պատասխանատու Վոլոդյա Հովհաննիսյանը, իսկ ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Շենգավիթի շտաբի պատասխանատու Արա Նռանյանը:
ՀԱԿ-ՀՅԴ նախընտրական շտաբերի պատասխանատուների միջև հանդիպման նպատակը եղել է ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի կողմից ներկայացված խնդիրների քննարկումը, ինչը նախատեսված է անցկացնել պարբերաբար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ից ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Շենգավիթի շտաբի պատասխանատու Արա Նռանյանը:
Վերջինս մանրամասնեց, որ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբի խնդիրն է՝ թե՛ նախընտրական շրջանում, թե՛, հատկապես, ընտրությունների օրը տեղամասերում համատեղ վերահսկողություն իրականացնելն ու տեղեկատվություն փոխանակելը:
Իսկ թե, ըստ տեղամասերի առանձնացվե՞լ է շտաբի գործունեությունը, Արա Նռանյանը տեղյակ չէր, փոխարենը նշեց, որ կոնկրետ Շենգավիթի շրջանում ակտիվ աշխատանքներն արդեն սկսվել են:
«Վերահսկողությունն իրենից ներկայացնում է համալիր միջոցառումների շարք, սկսած հանձնաժողովի անդամների, վստահված անձանց համապատասխան ցուցումներ տալուց, նաև նրանց պատրաստվածությունն ու օրենքի իմացությունը բարձրացնելը, մինչև բուն ձայների հաշվառման գործընթացը խստորեն վերահսկելը՝ հնարավոր խախտումները բացառելու նպատակով»:
Արա Նռանյանը նաև նկատեց, որ ՀՅԴ–ն յուրաքանչյուր տեղամասում կներկայանա առնվազն երկու, որոշ տեղերում՝ երեք, գուցե և ավելի ներկայացուցիչներով: Նա կարծիք հայտնեց, որ մեկ, երկու ներկայացուցիչ էլ կլինի ՀԱԿ-ից, գուցե և ավելի՝ ըստ նրանց հնարավորությունների:
Իսկ թե՝ կա՞ն նման հանդիպումներ ու պայմանավորվածություններ միասնական շտաբի մյուս անդամ կուսակցության՝ «Բարգավաճ Հայաստան»-ի հետ, Արա Նռանյանը տեղեկացրեց, որ կոնկրետ Շենգավիթի շրջանի նախընտրական շտաբի հարցում դեռ պայմանավորվածություններ չկան, սակայն չբացառեց հետագա համագործակության հնարավորությունը:









