Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով

13:42 • 24.04.12

Հայաստանը, կողմ լինելով Թուրքիայի հետ առանց նախապայմանների փոխհարաբերություններին, միևնույն ժամանակ գտնում է, որ Թուրքիան պետք է ճանաչի 1915թ. Հայեց ցեղասպանությունը, այս մասին Ծիծեռնակաբերդում Ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ դնելուց հետո, այսօր հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ և Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։


«Մի պետություն, որը ձգտում է տեղ ունենալ եվրոպական ընտանիքում, բայց միաժամանակ փորձում է հերքել այն ամենը, ինչ կատարել են թուրքերը 1915 թվականին: Առանց Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու իրենք չեն կարողանա տեղ ունենալ եվրոպական ընտանիքում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։


ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ հարևանների հետ «զրո խնդիր» ունենալուն ձգտող պետությունը (պաշտոնական Անկարայի հայտարարությունները –խմբ. ) առաջին հերթին պետք է ընդունի իր իսկ կողմից իրագործած Ցեղասպանությունը:


ՀՀԿ խոսնակը նաև ասաց, որ Հայաստանն « այլևս քայլ չի անելու այս հարցում (խոսքը հայ-թուրքական արձանագրությունների մասին է - խմբ.) և ի պատասխան լրագրողների հարցին, թե՝ ԱԺ մեծ նստաշրջանի օրակարգում գտնվող հայ-թուրքական արձանագրությունները հետ չե՞ն կանչվելու, նշեց, որ այս հարցը գտնվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իրավասության ներքո:


ՀՀԿ մամուլի խոսնակը հավելեց նաև, որ իր քայլերով Սերժ Սարգսյանն ապացուցեց, որ ինքը ողջ հայության առաջնորդն է: