Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվել է պատարագ՝ 1915թ. զոհերի հիշատակին

12:59 • 24.04.12

Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 22-ին պատարագ է մատուցվել 1915թ. Հայոց ցեղասպանության հայ նահատակների հիշատակին:
ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին քարոզը կարդացել է եպիսկոպոս Էրիկ դե Մուլեն-Բոֆորը։


Պատարագի ներկա են եղել ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական և պետական դեմքեր, դիվանագետներ և հազարավոր հայ և օտար հավատացյալներ:
Նույն օրը, Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի «ՎԱՆ» կազմակերպության նախաձեռնությամբ կանգնեցվել է զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչև 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաև Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի ու Մարաղայի ջարդերի մասին։


Հիշատակի միջոցառումներ են ընթանում Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Թուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում, Անիերում, Բանյոյում, Տուլուզում, Տուլոնում եւ Ֆրանսիայի բազմաթիվ այլ քաղաքներում, որոնց մասնակցում են ֆրանսիական քաղաքական, պետական և հոգևոր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:


Կազմակերպվում են տասնյակ բանախոսություններ Հայոց ցեղասպանության և ժխտողականության դեմ պայքարի թեմաներով: Հիշատակի պատարագներ են մատուցվում Ֆրանսիայի քառասունից ավելի հայկական եկեղեցիներում: Հայոց ցեղասպանության թեմային լայնորեն անդրադառնում է ֆրանսիական մամուլը։