Հայոց ցեղասպանության փաստն անհերքելի է
Այսօր վաղ առավոտից հայորդիներն այցելում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. երիտթուրքերի կողմից իրագործված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում:
Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:
Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1911-1912 թթ., երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` ի կատար ածելու այն:
Ծրագիրը նախատեսում էր՝ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ Մտադրվելով ոչնչացնել հայերին՝ նրանք ցանկանում էին վերացնել Հայկական հարցը։ Հայերը և Հայաստանը արգելք էին Երիտթուրքական ծրագրի ճանապարհին։ Նրանց երազած «Մեծ Թուրան»-ը պետք է ձգվեր Բոսֆորից մինչև Ալթայ։
Առաջին աշխարհամարտի տարիներին Երիտթուրքերը ջարդեր էին կազմակերպում նաև կայսրության ներքո գտնվող ասորիների, հույների և արաբների նկատմամբ։ Երիտթուրքական պարագլուխները որոշեցին բնաջնջումն իրականացել 3 փուլով։
1915թ. ապրիլի 24-ին սկսած ձերբակալությամբ, հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) և դրան հետևած հարյուրավոր հայ մտավորականների՝ քաղաքական, մշակութային և ռազմական գործիչների ոչնչացմամբ, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը։ Նրանք բոլորն այնուհետև աննկարագրելի տանջանքների ենթարկվեցին և սպանվեցին։ Թուրքական սրի զոհը դարձան այնպիսի հայորդիներ, ինչպիսիք են Սիամանթոն, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը և այլ առաջադեմ մտածողներ։ Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ: Բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ, որոնք, ավելի ուշ, զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:
Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ։ Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։ Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին։
Այս կոտորածի հետևանքը եղավ Արևմտյան Հայաստանի հայերից՝ ավելի քան 2000-ամյա մշտական բնակչությունից, զրկվելը։ Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1.000.000 հայ։
Ահռելի էին նաև նյութական կորուստները։ Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Իսկ ահա 1915-1916 թվականներին, ըստ տարբեր աղբյուրների, նահատակվեց 500.000 – 1.500.000 հայ։
1915 և հաջորդ տարիների իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն։ Այն ցեղասպանություն էր, քանի որ պետական մակարդակով ծրագրված էր մի ամբողջ ազգի՝ բնիկ հայ ժողովրդի բնաջնջում, ֆիզիկական ոչնչացում։ Այն XX դարի առաջին ցեղասպանությունն էր, աննախադեպ իրադարձություն, որը տեղի ունեցավ հայերի հետ։
Այս անհերքելի փաստը համառորեն չի ընդունում Թուրքիայի կառավարությունը։ Վերջինին հետևելով՝ անտեսման քաղաքականություն է վարում նաև աշխարհի պետությունների մեծամասնությունը։









