Թույլ չտանք Հայոց ցեղասպանության մասին ոչ ճիշտ ձևակերպումների շրջանառումը. քաղաքագետ
Հայոց ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի բռնազավթված տարածքների վերաբերյալ հաճախ են հնչում ոչ ճիշտ ձևակերպումներ ու սխալ մեկնաբանություններ, որոնք խեղաթյուրում են առկա իրողությունները, առաջացնում վնասակար կարծրատիպեր և ապակողմնորոշում հասարակությանը: Այս կարծիքին է քաղաքագետ Տիգրան Փաշաբեզյանը, ով կոնկրետ փաստերով անդրադառնում է այս խնդրին, մեջբերելով երկու օրինակ, որոնք հնչել են ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման փաստի առնչությամբ:
Այսպես. քաղաքագետը ոչ ճիշտ ձևակերպում է համարում նախ հետևյալ միտքը.«Եթե հողերը վերադարձնեն, ի՞նչ ենք անելու այնտեղ ապրող 6 միլիոն քրդերին»:
Տիգրան Փաշաբեզյանը նախ նկատում է. «Նույն հաջողությամբ այս հարցը կարելի է ուղղել Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի… ներկայացուցիչներին՝ իսկ ի՞նչ եք անելու Գերմանիայում… ապրող 5 միլիոն թուրքերին»: Պատասխանը կլինի` «Թուրքերը Գերմանիայում ինտեգրվում են և պարտավոր են հարգել պետության Սահմանադրությունն ու օրենքները»:
«Այդպես ստացվում է, թե կարելի է ցանկացած ազգի, երկարաշունչ կամ մի կարճ ժամանակահատվածում, «էթնիկ զտումների» (ցեղասպանության) ենթարկել ու բռնազավթել նրա բնօրրան հայրենիքը: Ամենևին, հայությունը վճռական է, որ իրենից հափշտակվածը լիովին վերադարձվի տիրոջը` հայությանը»:
Այսպիսով, առաջին հարցադրման առնչությամբ քաղաքագետը միակ ու ճշգրիտ պատասխան է համարում հետևյալը՝.«Ներկայիս Հայաստանում և վաղվա Հայաստանում գործելու են Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը, Սահմանադրությունը, օրենքները և բոլոր նրանք, ովքեր կապրեն այդ պետության մեջ որպես հանրապետության օրինապահ քաղաքացիներ, կշարունակեն այնտեղ ապրել խաղաղ ու ստեղծագործ կյանքով: Նրանք, ովքեր չեն ընդունի ՀՀ Անկախության Հռչակագրի, Սահմանադրության, օրենքների գերակայությունը` կարող են հեռանալ: Դա վերաբերում է և 6 միլիոնին, և 60 միլիոնին, թվաքանակը այստեղ կարևոր չէ, կարևորը պետության կազմակերպման ձևն է ու բովանդակությունը»:
Քաղաքագետ Փաշաբեզյանն անդրադառնում է նաև հասարակության մեջ ձևավորված մյուս սխալ մեկնաբանություններին, թե՝«Եղեռնի ճանաչումը մեկ օրվա, մեկ տարվա հարց չէ… «Թուրքիան պետք է փոխվի… ճանաչի Ցեղասպանությունը», «Եթե Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը, ուրեմն հարցը փակուղի է մտնում», կամ` «Որպեսզի հարցը լուծվի, պետք է սպասել մինչև Թուրքիան փոխվի»:
«Ամենևին այդպես չէ,- հակադարձում է քաղաքագետը,-«Թուրքիան, ընդամենը, կարող է խոչընդոտներ հարուցել, ինչը և ճգնում է անել ժամանակ շահելու նպատակով` առաջարկելով խնդիրը հանձնել պատմաբանների քննարկմանը: Մինչդեռ, և՛ ցեղասպանության, և՛ Հայկական հարցի հանգուցալուծումը միջազգային դատարանի ձեռքում է»:
Քաղաքագետի մեկնաբանությունը հետևյալն է. «Անշուշտ, կողմերի համար` և հայերի, և թուրքերի, լավագույն տարբերակ կլիներ, եթե Թուրքիայի Հանրապետությունը ճանաչեր Հայոց ցեղասպանությունը եւ հայության կրած վնասը հատուցեր, այդ թվում` բռնազավթված տարածքները վերադարձնելու միջոցով: Բայց, քանի որ հայությունը չի կարող նստել ու սպասել, անհրաժեշտ է գտնել խնդրի հանգուցալուծման այլ տարբերակ»:
Իսկ ո՞րն է այդ տարբերակը:
«Այստեղ է, որ պետք է տարբերակել Ցեղասպանության ճանաչման և Ցեղասպանության դատապարտման գործընթացները, որովհետև ճանաչումը քաղաքական ակտ է, դատապարտումը` իրավական: Ճանաչումը գերազանցապես քաղաքական ակտ է և կարեւոր նշանակություն ունի հարցի իրավական հիմքերն ամրապնդելու տեսակետից: Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, բայց հույսը դնելով իր հովանավորների ու դաշնակիցների աջակցության վրա, փորձել հրաժարվել վնասի հատուցումից, թեև դրա իրավունքը չունի, որովհետեւ Օսմանյան Թուրքիայի իրավահաջորդն է, ժառանգորդը:
Ոչ մի հանցագործ ինքնակամ չի ընդունում մեղքը, քանի դեռ չի կանգնում դատարանի առաջ: Ուստի, խնդիրն ուղիղ պետք է դնել, որ` «Հայոց ցեղասպանության դատապարտման եւ վնասի հատուցման խնդիրը միջազգային դատարանի իրավասության հարց է, որի վճիռը իրականացման տեսակետից պարտադիր է ցանկացած պետության, այդ թվում` Թուրքիայի Հանրապետության համար: Այս դեպքում այլևս կարևոր չէ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ուղղակի կամ անուղղակի ճանաչումը»,- ասում է քաղաքագետը:
Սրանք են այն փաստարկները, որոնք, ըստ Փաշաբեզյանի, հաստատում են, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը հիմնականում պետք է ավարտված համարել: Այժմ պետք է կենտրոնանալ Ցեղասպանության դատապարտման գործընթացի վրա և դրանից հետո միայն մտածել հարաբերությունները կարգավորելու ու այլ կարևոր խնդիրների մասին:









