Հայկական անկլավի շուրջ հակամարտության լուծում չի նշմարվում. Irish Times
Իռլանդական Irishtimes պարբերականը Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի օրը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։
«Հայ-ադրբեջանական հակամարտությունը չի լուծվում շուրջ 24 տարի»,- նշվում է հոդվածում։
Լրագրող Դենիել Մքլաֆլինը զրուցելով Ստեփանակերտի բնակիչ, Արցախյան պատերազմի մասնակից, 1988-94թթ. տանկի նախկին հրամանատար Ռոբերտ Բագիրյանի հետ գրել է. «Խոսելով այն մասին, թե ինչպես էր անցյալում և ինչի է կրկին պատրաստ, նրա մեջքն աննշան ուղղվում է և ավելի հաստատակամ է դառնում»։
«Շատ ծանր էր պատերազմի ժամանակ։ Ողջ քաղաքն անընդհատ ռմբակոծվում էր, մարդիկ ներքնահարկերում էին բնակվում։ Հիմա մենք ազատ ենք, և, ինչ էլ լինի, ամեն գնով կպաշտպանենք այս հողը»,- ասել է Բագիրյանը։
Ինչպես նշում է ՄքԼաֆլինը՝ Խորհրդային Միության փլուզումից առաջացած քաոսային մթնոլորտում Լեռնային Ղարաբաղի հայերը որոշեցին առանձնանալ Ադրբեջանից և իրենց պետությունը ստեղծել:
«Հայ-ադրբեջանական պատերազմի տարբեր հատվածներում տարածաշրջանի հզոր տերությունները՝ Ռուսաստանն ու Թուրքիան, այս կամ այլ կերպ մասնակցություն են ունեցել ռազմական գործողություններին։ Պատերազմի զոհ է դարձել ավելի քան 30 հազ մարդ, ավելի քան 1 մլն-ը դարձել են փախստական»,- նշում է լրատվամիջոցը։
Հակամարտությունից 24 տարի է անցել, սակայն այն մինչ օրս լուծում չի ստացել։ Աշխարհը շարունակում է Լեռնային Ղարաբաղը դիտարկել իբրև Ադրբեջանի մաս։ Հայ և ադրբեջանցի զինվորականները պարբերաբար փոխհրաձգության մեջ են մտնում շփման գծում։
«Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի` 1988-ին կայացրած` Ադրբեջանից անկախացման որոշումն իր տարածքային ամբողջականության և սահմանների փոփոխության ապօրինի փորձ էր»:
Լրագրողն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմին։ Մասնավորապես՝ Բաքվի բնակիչ 66-ամյա Աբաս Ալիևը նշել է. «Մեր ընտանիքը մեկ սենյականոց բնակարան 7 մարդ է բնակվում։ Ես թոռներիս միշտ պատմում եմ Ղարաբաղի մասին, մեր գյուղի, տան մասին»:
Մքլաֆլինը ամփոփելով իր հոդվածը, մեջբերել է Ռոբերտ Բագիրյանի խոսքերը. «Մենք մեր արյունը թափեցինք, որ ազատվենք ադրբեջանական իշխանությունից, եթե նրանք որևէ բան իրենց թույլ տան, կստանան այն ինչին արժանի են։ Նրանք շատ կզղջան»։









