Կալկաթայում ոգեկոչվել է Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հիշատակը
2012 թվականի ապրիլի 24-ին հնդկահայ համայնքը, Եկեղեցու վարչությունը, Հայոց մարդասիրական ճեմարանի սաները, ուսուցիչները և ղեկավարությունը առավոտյան հավաքվել էին Կալկաթայի Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցում` ոգեկոչելու Հայոց մեծ եղեռնի միլիոն ու կես անմեղ նահատակաց 97-րդ տարելիցը:
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի տեղեկատվական ծառայության փոխանցմամբ՝ եկեղեցու բակում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ, տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ` հանդիսապետությամբ հնդկահայ հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի: Ներկաներն աղոթեցին Հայոց մեծ եղեռնի անմեղ նահատակների հոգիների խաղաղության համար և խոնարհվեցին` ծաղիկներ դնելով հուշարձանին:
Հնդկաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը կառուցվել է 1965թ.` Մեծ եղեռնի հիսունամյա տարելիցի առիթով: Հնդկահայ համայնքն անսալով երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1964 թվականի օգոստոս 17-ի Սրբատառ Կոնդակին Սուրբ Նազարեթ Մայր եկեղեցու հյուսիսային պատի տակ կառուցում է մարմարե հուշարձան:









