Նոր կառավարության հիմնական խնդիրը կլինի գործազրկության ու աղքատության դեմ պայքարը. Մեդվեդև

13:51 • 24.04.12

Գնաճի, աղքատության ու գործազրկության դեմ պայքարը կլինի ապագա կառավարության հիմնական խնդիրը, Կրեմլում անցկացվող Պետխորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ում նախագահական լիազորությունները մոտենում են ավարտին: Նա, հավանաբար, կղեկավարի նոր կառավարությունը:



«Գնաճը, աղքատությունը, գործազրկությունն ու կոռուպցիան մեր ազատության գլխավոր թշնամիներն են»,- ասել է Մեդվեդևը` հավելելով, որ 2012 թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով` Ռուսաստանում գործազրկությունը մոտ 6% է:

 

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` նախագահը նշել է, որ ապագա կառավարությունը պետք է հասնի նրան, որ ծնելիությունն ընտանիքներին դեպի աղքատություն չտանի, այլ` ընդհակառակը:

 

Բացի այդ, Մեդվեդևը հայտնել է, որ նոր կառավարության աշխատանքային ծրագիրը կներկայացվի Պետդումայում «նոր վարչապետի նշանակման գործընթացի շրջանակներում»:  Իսկ Պետդումայի նիստը, որի ժամանակ կքննարկվի նոր վարչապետի թեկնածությունը, ծրագրված է մայիսի 8-ին` նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հաջորդ օրը: