Ռուսաստանը նոր ռազմական դոկտրին կմշակի
Ռուսաստանը մինչև տարեվերջ նոր ռազմական դոկտրին կմշակի, հայտնել է երկրի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` Ռոգոզինը հայտնել է, որ փաստաթղթի պատրաստման աշխատանքները կսկսվեն մայիսի կեսերից:
Նոր ռազմական դոկտրինի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Գործող ռազմական դոկտրինը նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից ընդունվել է 2010թ.-ի փետրվարին: Փաստաթղթում հիմնական արտաքին վտանգ է ներկայացվում «ՆԱՏՕ-ի ուժային պոտենցիալը գլոբալ գործառույթներով օժտելու ձգտումը, որն իրագործվում է միջազգային իրավունքի խախտումներով, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ենթակառուցվածքը Ռուսաստանի Դաշնության սահմաններին մոտեցնելը, այդ թվում` Դաշինքի ընդլայնման միջոցով»:
Ռազմական դոկտրինը հռչակում է պետության զինված ուժերի զարգացման ռազմավարական ուղղությունները և պարունակում պոտենցիալ պատերազմի դեպքում երկրի դիրքորոշումը:









