Ապրիլի 24-ը միավորում է աշխարհի բոլոր հայերին. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդես է եկել ուղերձով՝Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ և նշել, որ ցավի ու կորստի հիշատակման այս օրը միավորում է ողջ հայությանը։
Ստորև ներկայացնում ենք ուղերձը.
Սիրելի հայրենակիցներ,
Ապրիլի 24-ը մեր ժողովրդի պատմության մեջ է մտել որպես ցավի ու կոտորածի, զրկանքի ու կորստի օր, որը միավորում է աշխարհի բոլոր հայերին` ոգեկոչելու 1915 թվականի Ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Միավորում է` ընդդեմ չարի ու ոճրագործության, բռնության ու ահաբեկչության, որը պետք է անպայմանորեն ճանաչվի ու դատապարտվի աշխարհի առաջադեմ մարդկության կողմից: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այսօր մեզ հետ են և իրենց ձայնն են բարձրացնում հանուն արդարության հաղթանակի:
Մենք այսօր միավորվում ենք, որպեսզի ասենք` հայն այլևս ուժեղ է ու պաշտպանված և կանի ամեն ինչ, որպեսզի նման հրեշագործություններն էլ երբեք չկրկնվեն: Թուրք ժողովուրդը պետք է մաքրի իր պատմության այդ սև բիծը և սերունդներին ազատի ծանր ու նվաստատացուցիչ ժառանգությունից: Սա հրամայական է, որից խուսափել չի լինի:









