Հայկական պատվիրակության բացակայության պայմաններում՝ Ստրասբուրգում
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Tert.am –ի հետ զրույցում ասաց, որ վաղաժամ է համարում որևէ մեկնաբանություն տալ երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացմանը ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի հատարարությանը:
Հիշեցնենք, որ ինչպես հաղորդում է Trend.az-ը՝ երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման ժամանակ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, հայտարարելով, որ Ադրբեջանի համար գլխավոր հարցը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, շնորհակալություն է հայտնել ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնին, որը, ինչպես հաղորդում է ադրբեջանական լրատվամիջոցը, հանդես է եկել մոտ ապագայում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև ԼՂՀ հարցով քննարկում-հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ:
«Որպես ԵԽԽՎ անդամ, ադրբեջանական պատվիրակությունը մշտապես ողջունել է ԼՂՀ հարցով հայկական պատվիրակության հետ նմանատիպ կապերն ու շփումները,»- հայտնել է Սեիդովը և ավելացրել. «Ցավոք, հայկական պատվիրակությունը երկու տարի է՝ մերժում է նման կարևոր հարց քննարկելու շուրջ մեր առաջարկները: Հաշվի առնելով ԵԽԽՎ նախագահի նախաձեռնությունը, կարծում եմ՝ մենք կարող ենք ստեղծել մի ձևաչափ, որում հետաքրրքված կլինենք թե՛ մենք՝ ադրբեջանցիներս, թե՛ հայերը և թե Եվրամիությունը»:
Նա նաև ընդգծել է, որ կարևոր է ԼՂՀ հակամարտության կարգավորումը: «Մենք պետք է անենք այն, ինչ մեր ուժերում է: Մենք կարող ենք օգտվել այնպիսի միջոցներից, ինչպիսիք են բանակցությունները, երկխոսությունն ու քննարկումները և մենք հրավիրում ենք հայկական պատվիրակությանը»:
Հիշեցնենք, որ Հայաստանում քարոզարշավին մասնակցելու նպատակով հայկական պատվիրակության գրեթե բոլոր անդամները , այդ թվում՝ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը Ստրասբուրգ չեն մեկնել: ԵԽԽՎ աշխատանքներին մերոնցից մասնակցում է միայն փոխարինող կազմից Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության քարտուղար էսթեր Մկրտումյանը:
Հերմինե Նաղդալյանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Հայաստանյան պատվիրակության Երևանում մնացած անդամներից Զարուհի Փոստանջյանը տեղեկացված չէ Մինյոնի նախաձեռնությունից: «Պատվիրակության ղեկավարը պետք է այս հարցերին պատասխանի»,- Tert.am-ին ասաց Զարուհի Փոստանջյանը:
Երևանում գտնվող Նաիրա Զոհրաբյանն էլ Tert.am–ի հետ զրույցում խիստ կասկածելի համարեց, որ ԵԽԽՎ քարտուղարը հանդես կգար նման նախաձեռնությամբ, քանի որ հիշեցրեց, որ հունվարին իր ասուլիսի ժամանակ ֆրանսիացի պատգամավորն աննպատակահարմար էր համարել Մինսկի խմբի ձևաչափին զուգահեռ քննարկումներ անցկացնելը: Ինչ վերաբերում է առաջարկին, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ համոզվում է, որ ադրբեջանական պատվիրակության ղեկավարը ընկալման հետ կապված խնդիր ունի:
«Արդեն որերորդ նստաշրջանն է, որերորդ տարին, որ Սեիդովը բոլոր մարմիններում՝ Բյուրոյում, հանձնաժողովներում, ԵԽԽՎ ամբիոնից նույն հայտարարությունն է անում, չնայած մենք երկու տարի շարունակ հայտարարում ենք, որ չենք մասնակցելու ԼՂՀ հարցով որևէ քննարկման»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, որին հարմար չէր զրուցել, ի պատասխան մեր դիտարկման, թե ինչու՞ էր Սեիդովը շնորհակալություն հայտնում ԵԽԽՎ նախագահին, միայն ասաց, որ դա ընդամենը վկայում է այն մասին, որ « Սեիդովը կիրթ մարդ է»:









