Ու՞ր է մի փոքր ամոթի զգացումն այդ զոհերի համար. Radikal
«Հայ գրող Սմբատ Բյուրատը 1915 թ.-ի Ապրիլի 24-ին Հայդարփաշա կայարանից շարժված այդ գնացքում էր: Նա մեկն էր հարյուրավոր այլ արվեստագետներից, գրողներից ու լրագրողներից, որոնք նստեցին այդ գնացքը և ուղևորվեցին դեպի Այաս, չիմանալով, թե ինչ կարող է պատահել». «Ռադիկալ»-ում հրապարակված հոդվածում ասում է Փընար Օղունչը:
Լրագրողն ու հայ պատմաբան Արա Սաֆարյանը ապրիլին գնացել են Այաս և հայ դատապարտյալների հետքերը փնտրել:
«1915 թ.-ին ի՞նչ տեղի ունեցավ: Իրադարձություններից շուտով 1 դար անցած կլինի, սակայն որքան անցնում էր ժամանակը այդքան քիչ բան իմացանք մենք դրանց մասին: Հանրապետության ստեղծման առաջին տարիներին, երբ ամեն ինչի մասին հնարավոր էր ազատորեն խոսել, հանկարծ այդ տեղեկությունները պահարաններում պահվեցին: Եվ որքան քիչ բան իմացանք, այնքան ավելի հավատացինք քաղաքական խաղերին: Կույր կամակորության հանձնվեց մեր ժողովուրդը, մոռացավ ցավ զգալն ու ընկավ բառերի հետևից: Ամեն ինչ «ցեղասպանություն» բառից է կախվել և բոլորը փորձում են նվազեցնել 1915 թ.-ին սպանված հայերի թիվը: 800 հազարից իջանք մինչև 300 հազարի: Լավ, ամեն ինչ մոռանանք,անգամ եթե ընդունենք, որ 1915 թ-ին 300 հազար մարդ է զոհվել, ուր է մի փոքր ամոթի զգացումն այդ զոհերի համար»,- գրում է նա:
Լրագրողը հիշեցնում է, որ Ցեղասպանության հետ կապված շատ հարցեր վիճելի են, բայց ոչ ոք չի ժխտում, որ 1915-ի ապրիլի 24-ին Ստամբուլի Հայդարփաշա կայարանից հայ մտավորականները գնացք նստեցին և չվերադարձան:
«Միշտ ասում են` մենք չվիճենք ու թողնենք պատմաբաններին, բայց իմ կարծիքով խնդիրը օրենսդիրներին է պետք թողնել: Ես անձամբ օգտագործում եմ «ցեղասպանությունը» և խնդիր չեմ տեսնում «ցեղասպանություն չի եղել» ասող պատմաբանի հետ նույն սեղանի շուրջ նստելու մեջ: Միայն թե իրոք երկխոսություն սկսենք, միմյանց լսենք: Թե չէ այդ խոսակցությունները հենց սկզբից խաղի են վերածվում և զուր ժամանակ խլում»,- գրել է Փընար Օղունչը:









