Թբիլիսիում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ապրիլի 23-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի, «Վրաստանի հայ համայնք», «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» և «Թբիլիսյան հայերի ասամբլեա» կազմակերպությունների նախաձեռնությամբ և աջակցությամբ խաղաղ հանրահավաք է անցկացվել Վրաստանի խորհրդարանի շենքի առջև:
Ըստ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության՝ «Ո՛չ ցեղասպանությանը» և «Հայոց Մեծ Եղեռն՝ 97» ցուցապաստառներով հանրահավաքի մասնակիցները Թբիլիսիի Ռուսթավելիի անվան պողոտայի վրա գտնվող խորհրդարանի կենտրոնական մուտքի հրապարակում կազմակերպել են ֆլեշմոբ` մոմերով կազմած խաչի և ավանդական պարի լուռ կատարմամբ:
Այնուհետև հանրահավաքի մասնակիցները Վրաստանի խորհրդարանին են հանձնել անուն առ անուն բոլոր պատգամավորներին ուղղված Հայոց Մեծ Եղեռնը ճանաչելու Վրաստանի հայության դիմումը` պահանջելով ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանություն իրողությունը:
Ապրիլի 23-ի հերթական միջոցառումը, Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի հովանավորությամբ, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի «Հիշատակի երեկո» ներկայացումն էր, որը կայացել է Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում:
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայ առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Արմեն Բայանդուրյանը և Հարություն Հովհաննիսյանը, դեսպանության աշխատակիցներ, հոգևոր դասի և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Թբիլիսիի հայկական թատրոնի ստեղծագործական խմբի կողմից ներկայացված գրական կոմպոզիցիան հիմնված է եղել հայ ժողովրդի պատմության արյունոտ էջերի ոգեկոչման և համայն հայության արդարատենչ հաղթանակի դրվագների վրա:
Նույն օրը երեկոյան Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումների շրջանակներում տեղի է ունեցել Վրաստանի հայ համայնքի նախաձեռնությամբ իրականացված ջահերով երթը: Վառվող ջահերով և ցուցապաստառներով հայ համայնքի երիտասարդները Թբիլիսիի Հաղթանակի զբոսայգուց շարժվել են դեպի Թուրքիայի դեսպանություն:
Դեսպանության առջև հավաքված երիտասարդությունը արդարության վերականգնման պահանջատիրական կոչեր են ուղղել Թուրքիայի իշխանություններին: Երթի մասնակիցները Թուրքիային կոչ են արել սեփական պատմությունից հրաժարվելու և իրականացված ոճրագործությունները ժխտելու փոխարեն, խոստովանել հանցանքն ու խոնարհվել մեկուկես միլիոն անմեղ զոհված հայերի հիշատակի առջև և ճանաչել Մեծ եղեռնը:
Թբիլիսիում շարունակվում են Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումները:









