Վարդան Բոստանջյանը տեղյակ չէ լուրերից, որ առաջիկայում կարող է բարձր պաշտոն զբաղեցնել
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասում է, որ բացարձակապես տեղյակ չէ մամուլում տեղ գտած այն տեղեկություններից, որ առաջիկայում կարող է բարձր պաշտոն ստանալ Հայաստանի ֆինանսական կառույցներից որևէ մեկում:
«Բացարձակապես տեղյակ չեմ, ո՞վ է գրել»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր նման լուր էր հրապարակել «Իրատես de facto» օրաթերթը։
Սակայն, ի պատասխան հարցին, թե իրեն պատկերացնո՞ւմ է օրինակ՝ Կենտրոնական բանկում, Վարդան Բոստանջյանը նկատեց, որ դեռ 90-ականներին՝ այն ժամանակվա Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ և լուրջ ներդրում է ունեցել Հայաստանի բանկային օրենսդրության մշակման գործում: Բայցև՝ Վարդան Բոստանջյանը կրկնեց , որ իր՝ վերը ասված հիշատակումը ոչ մի կապ չունի շրջանառվող լուրի հետ:
Վարդան Բոստանջյանին նաև հարցրինք՝ հետևե՞լ է ԲՀԿ առաջնորդի «զենք-հեռախոսի» մասին իրարամերժ մեկնաբանություններին և ո՞ւմ է հավատացել: Ի պատասխան՝ Վարդան Բոստանջյանն է ասաց. «Ոչ տեսել եմ, ոչ՝ լսել»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը պնդում էր, որ Ծառուկյանի կոստյումի տակից երևացողը եղել է հեռախոս, Վարդան Օսկանյանը՝ զենք, մինչև որ «առեղծվածին» վերջ տվեց ինքը՝ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ «հա՛մ նա է եղել, հա՛մ նա»:









