Բիլ Գեյթսը գիտնականներին առաջարկել է Երրորդ աշխարհի երկրների համար հատուկ զուգարան ստեղծել
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն առաջարկել է աշխարհի բոլոր գիտնականներին նոր զուգարան ստեղծել, որը նախատեսված կլինի Երորրդ աշխարհի երկրների շուրջ 2.5 մլրդ բնակիչների համար, ովքեր զրկված են սանիտարական տարրական պայմաններից, գրում է The Telegraph-ը:
Առաջարկն արվել է Bill & Melinda Gates Foundation հիմնադրամի կողմից, և նոր զուգարանը պետք է աշխատի առանց ջրի, հոսանքի և սեպտիկ համակարգի (կոյուղաջրերի վերամշակման տեղային համակարգ), չպետք է աղտոտիչներ արձակի, ցանկալի է որպեսզի կարողանա էներգիա կուտակել այլ պաշարներից և դրա աշխատանքի վրա օրական միջինում 5 սենթ ծախսվի:
Հիմնադրամը հույս ունի, որ իրենց պահանջներին համապատասխանող զուգարանների առաջին նախնական օրինակները պատրաստ կլինեն 3 տարում: Հիմնադրամը 370 մլն դոլար է տրամադրել նոր զուգարանի ստեղծման աշխատանքների համար:
Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների` աշխարհում սանիտարական վատ պայմանների հետևանքով 1.5 մլն երեխա է մահանում դիարեա հիվանդության պատճառով: Սակայն գիտնականները լիահույս են, որ հատուկ զուգարանի ստեղծման դեպքում մահացությունների թիվը հնարավոր կլինի կիսով չափ կրճատել:









