«Մոսկվա» բազմամշակութային դպրոցի 100-ից ավելի հայ աշակերտներ հայերեն կսովորեն
Դեռևս 1989թ-ին Մոսկվայում Օֆելյա Առաքելյանը հիմնադրել է «Մոսկվա» բազմամշակութային դպրոցը, որի տնօրենն է առ այսօր: Ի սկզբանե այստեղ ուսանել են տարբեր ազգությունների 30 աշակերտներ, ովքեր սովորել են իրենց մայրենի լեզուն և ունեցել ազգային երգ ու պարի խմբակներ: Այսօր դպրոցում սովորում են միայն 15 ազգությունների երեխաներ:
«Ընդհանուր առմամբ, այսօր դպրոցում կա 200 երեխա, 100-ից ավելին հայ երեխաներ են: Նրանք շաբաթական երկու ժամ ուսումնասիրում են հայոց լեզու և գրականություն: Սակայն դա բավական չէ, իհարկե, լեզվին տիրապետելու համար: Այդ պատճառով նրանցից շատերը մեր ուսուցիչների մոտ մասնավոր պարապմունքների են հաճախում»,- ասաց Օֆելյա Առաքելյանը:
Բազմամշակութային այս դպրոցը պետական է և ֆինանսավորվում է պետության կողմից: Դպրոցի տնօրենը նշեց, որ նախկինում պետությունը ֆինանսավորում էր նաև մշակութայն խմբակները, բայց այսօր հրաժարվում է դա անել:
«Այժմ վարձատրությունը արվում է ըստ աշակերտների թվաքանակի: Այժմ շատ խմբակների գոյությունը և ֆինանսավորումը կախված է ծնողներից: Նշեմ, որ մեր երեխաները տարբերվում են, հատկապես, իրենց դաստիարակությամբ և օրինակ են ծառայում այլազգի երեխաների համար: Դրա մասին մեզ ասում են այլազգի երեխաների ծնողները»,- նկատեց նա:
Օֆելյա Առաքելյանը նշեց, որ «Մոսկվա» բազմամշակութային դպրոցն ավարտած աշակերտներին տրվում են այնպիսի վկայականներ, որպիսիք ստանում են ռուսական դպրոցներում ուսանած աշակերտները և դրանք լիովին ընդունելի են բարձրագույն հաստատությունների կողմից:










