Ուկրաինայի նախագահը Տիմոշենկոյի ազատությունը 7 մլրդ դոլար է գնահատել
Ուկրաինայի իշխանությունները նախկին վարչապետ, ընդդիմադիր «Բատիկիվշինա»-ի ղեկավար Յուլյա Տիմոշենկոյին առաջարկել են ազատ արձակել, եթե իրենց փոխարենը մեծ «փրկագին» վճարվի, այս մասին հաղորդում է «Կոմենտարիի» պարբերականը` հղում կատարելով նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, «Չեսնո» շարժման համահիմնադիր Օլեգ Ռիբաչուկին:
Ռիբաչուկը պնդում է, որ «փրկագնի» վերաբերյալ առաջարկը հնչեցրել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Գրեմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում:
Ըստ այդ տեղեկության, Ուկրաինայի նախագահը Տիմոշենկոյի ազատությունը գնահատել է 7 մլրդ դոլար։ Ռիբաչուկի խոսքով, Յանուկովիչը Տիմոշենկոյին մեղադրում է 14 մլրդ ԱՄՆ դոլար գողանալու մեջ և դրանից ելնելով առաջարկում է նրան բաց թողնել գողացվածի կեսի դիմաց:
Ռիբոչուկը ասել է, որ տվյալ տեղեկությունները ստացել է Անգելա Մերկելի խորհրդականից:
«Մերկելի խորհրդականը ինձ պատմել է, որ նա երկար էր ուշքի գալիս նման առաջարկից հետո, իսկ երբ ուշքի եկավ, դադարեց Յանուկովիչին բարևել», հաղորդել է նա:
Ուկրաինայի ղեկավարությունը Ռիբաչուկի հայտարարության հետ կապված մեկնաբանություններով հանդես չի եկել:
Յուլյա Տիմոշենկոն ձերբակալվել էր այն բանից հետո, երբ Ուկրաինայում իշխանության եկավ Վիկտոր Յանուկովիչը: Նախկին վարչապետը մեղադրվում է Ռուսաստանի հետ գազի պայմանագրեր կնքելիս իշխանությունը չարաշահելու մեջ: 2011թ. հոկտեմբերին նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման:
Ինքը՝ Տիմոշենկոն, հերքում է բոլոր մեղադրանքները, հայտարարելով, որ իշխանություններն իրեն հետապնդում են քաղաքական դրդապատճառներով:










