Սփյուռքահայ երկու երիտասարդ նվաճել են Արարատի գագաթն ու այնտեղ եռագույն պարզել (լուսանկարներ)

13:42 • 16.08.12

Օրեր առաջ Արարատի գագաթն են բարձրացել Ֆրանսիայում ծնված երկու հայորդի` 19-ամյա Սևակն ու 16-ամյա Սիփանը:

Tert.am-ի հետ զրույցում նրանք պատմեցին, թե ինչն է օտար ափերում ապրող հայ տղաներին մղել այդ քայլին:
 

Սևակի և Սիփանի ծնողները 20 տարի առաջ Հալեպից տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ էլ ընտանիք են կազմել և երեք որդի ունեցել:

Քյորօղլյանների ընտանիքը բնակություն է հաստատել Ֆրանսիայի շրջանի Լը Պեղէօ աւանում, որտեղի միակ հայախոս հայ ընտանիքն են եղել: Բնականաբար այնտեղ հայկական դպրոց չի եղել:
 

Ֆրանսիայում ծնված Սևակը, Սիփանն ու Սոլակը երեք տարեկանում գիտեին հայերեն միայն խոսել, իսկ այժմ կարողանում են հայերեն թե’ խոսել թե’ գրել ու կարդալ, միաժամանակ նրանք նաև կատարելապես ֆրանսերենին են տիրապետում:

Սիփանն ու Սևակը հպարտությամբ են պատմում իրենց հալեպահայ ծնողների մասին, ովքեր ամեն ինչ արել են իրենց հայ պահելու համար:

«Հայկական դպրոցի դերը ստանձնեցին ծնողներս, իրենք ամէն ինչ ըրին, որ մենք ծանոթանանք հայկական մշակույթին, գրենք, կարդանք և խոսենք հայերեն, և մենք անով շատ հպարտ ենք։ Անոնք մեզի փոխանցած են նաև Հայաստանի և Արևմտահայաստանի սերը, ճիշտ է մենք օտար հողի վրայ ապրած ենք, բայց այս հողին հարազատությունը կը զգանք, անոր համար մեզի համար Արարատ բարձրանալը երազ մըն էր եւ առանց երկմտելու ուզեցինք բարձրանալ։ Լեռան գագաթին հպարտություն և զորութիւն զգացի, անհասանելի պատկեր մը շունչ առավ այնտեղ… անհավատալի էր»,- ասաց Սևակը։

 

Հարցին, թե ի՞նչ կպատասխանեն այն ծնողներին, ովքեր պնդում են, թե օտարության մեջ երեխաներին հայեցի դաստիարակելը դժվար է, նրանց հայրը` Հրայր Քյորօղլյանը պատասխանեց. «Այո, շատ դժվար է օտարության մէջ հայ մեծցնելը, բայց մենք իբրև ծնող մեր ուսերուն վրայ պարտք զգացինք հայերեն լեզուն, մշակույթը և հայրենիքի հանդեպ սերը փոխանցելու մեր երեխաներուն»:

 

Նա պատմել է, որ երբ կինը` Միլան, հղի էր, միայն հայերեն երաժշտություն է լսել: Ընտանիքի հոր խոսքերով` միայն կիրակնօրյա դպրոց հաճախելը, շաբաթը մեկ անգամ հայրենասիրական դասեր տալը բավարար չէ:


«Մենք անոնց հետ ամեն օր խոսած ենք հայրենիքի մասին և տասը տարի է ուղղակի կապ հաստատած ենք Հայաստան գալով, այստեղի մեր տան մեջ ամառը անցնելով։ Մեր դաստիարակության արդյունքը այսօր կստանանք, երբ մեր զավակները հաճույքով կգան Հայաստան՝ անտեսելով Ֆրանսայի առավելութիւնները»,- ասաց Հրայր Քյորօղլանյանը:

Արարատ բարձրացած երիտասարդների մոր` Միլագրոսի համար նույնպես լեզվի իմացությունը հայ մնալու նախապայմանն է` հայկական ոգին զգալու և պահպանելու համար: Նրա կարծիքով` եթե ինքն ու ամուսինը իրենց զավակներին հայերեն սովորացրած չլինեին, նրաք չէին ունենա այնպիսի ազգային ոգի, որն իրենց Արարատը բարձրանալու կմղեր: Մանավանդ, որ Սևակն ու Սիփանը ոչ թե լեռնագնացությունը սիրելու համար էին բարձրացել Արարատը, այլ գիտակցելով, որ Արարատը սովորական լեռ չէ` խորհրդանիշ է:

Նա նշում է, որ թեև 20 տարի է Ֆրանսիա է տեղափոխվել, սակայն Հալեպում ծնված ու մեծացած լինելով հոգով դեռ այնտեղ է: Նա երբեք Արարատ բարձրանալու նպատակ չի ունեցել, թեև Հայաստանում գտնվելու ընթացքում ամեն օր Արարատը տեսնելը մեծ ուժ է համարում:


Երբ անցյալ տարի հանդիպել են Արարատ բարձացած մի ծանոթի, հետաքրքրությամբ լսել են նրա պատմածը, ապա` առանց երկմնտելու որոշել բարձարնալ ընտանիքով:


Ամուսինները մտադիր են հաջորդ տարի բարձրանալ Արարատ և  հավանաբար որդիները դարձյալ կուղեկցեն նրանց:

 

Անդրադառնալով Արարատ բարձրանալու իր նախաձեռնությանը` Սիփանը պատմեց, թե ինչպես է անցյալ տարի իրենց բարեկամներից մեկը, ով Արարատ էր բարձրացել, պատմել իր ճանապարհորդության մասին:

«Այն ժանամակ մտքիս մեջ նման միտք մը ծագեցավ, ծնողներս միտքը հավնեցան, բայց այս տարի չկրցան իրականացնել»,- ասաց նա:

 

Եղբայրներին ուղեկցել է նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միության իրենց խմբապետուհին` Կարինե Սիսեռյանը:


Նրանք Օգոստոս 7-13 գնացել են Արևմտյան Հայաստան: Օգոստոսի 8-ին սկսել են վերելքը` դեպի Արարատ, գագաթին հասել են օգոստոսի 10-ին, այնտեղ երգել են և պարզել հայկական եռագույնը:


«Արարատի գագաթին գտնվելը տարօրինակ զգացում էր, սրտիս մէջ կուզեի ըսել, որ ես իմ երկրիս մեջ եմ, բայց այնտեղ ապրողները, մեզի առաջնորդողները տեսնելով կը հասկնայի, որ այնտեղ հայկական հետք չկա… Երբ վերջին մետրերը կբարձրանայինք, իջնող խումբ մը կար, մեկն ինձ հարցուց ուրգե՞ ես, երկու վայրկյան կեցայու սրտանց ըսի` «ես բնիկ հայ եմ», մարդը շփոթվեց, չհասկցաւ ինչ կըսեմ, բայց ես իսկապէս ինքզինքս իմ երկրիս մեջ զգացի և հույս ունեմ, որ օր մը Արարատը կը վերադարձնենք»,- ասաց Սևակը: